Ամերիկյան ռմբակոծիչներն անցել են Չինաստանի ՀՕՊ-ի նոր գոտու վրայով
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան երկու մարտական ինքնաթիռ երեկ թռչել են ոչ վաղ անցյալում Չինաստանի իշխանությունների հաստատած ՀՕՊ-ի նոր գոտու վրայով: Այս մասին հայտնում եմ ԱՄՆ-ում գործակալության պաշտոնական աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ ամերիկյան B-52 երկու ռազմավարական ռմբակոծիչներ օդ են բարձրացել Գուամ խաղաղօվկիանոսյան կղզում գտնվող ամերիկյան բազայից և, առանց Չինաստանի իշխանություններին իրազեկելու, թռչել են Արևելա-չինական ծովում գտնվող Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների վրայով:
Դրանից հետո ինքնաթիռները վերադարձել են Գուամ: The Wall Street Journal-ը գրել է, որ ռմբակոծիչների թռիչքը հանդիսացել է ուսումնական խոշոր գործողության մասնիկը, որն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը վաղուց էին պլանավորել և որը կապ չունի Չինաստանի իշխանությունների կողմից ՀՕՊ-ի նոր գոտու մասին հայտարարելու հետ: Ինքնաթիռները զինված չեն եղել, նրանց չեն ուղեկցել ամերիկյան կործանիչները:
Սրանից առաջ ԱՄՆ-ն արդեն իսկ հայտարարել է, որ մտադիր է անտեսել նոյեմբերի 23-ին Չինաստանի իշխանությունների սահմանած ՀՕՊ-ի նոր գոտին: