ՄԱԿ ԳԱ-ն ընդունել է համացանցում անձնական կյանքի անձեռնմխելիության մասին բանաձևը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ի երրորդ հանձնաժողովը, որի դիտարկման ներքո են գտնվում մարդու իրավունքները, միաձայան ընդունել է «Թվային դարում անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի» բանաձևը, որն ուղղված է էլեկտրոնային հաղորդակցության ապօրինի լրտեսման դեմ:
Բանաձևի նախագիծը հոկտեմբերի վերջին ՄԱԿ ԳԱ-ի դիտարկմանն էր ներկայացվել Գերմանիայի ու Բրազիլիայի կողմից՝ կապված ԱՄՆ-ի ու Ավստրալիայի դիվանագիտական առաքելությունները լրտեսական նպատակներով օգտագործելու սկանդալի հետ, ինչի մասին վկայել էին ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը:
ՄԱԿ-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ ՄԱԿ ԳԱ-ն հաստատում է, որ այն իրավունքները, որոնք մարդն ունի օֆլայն միջավայրում, պետք է պաշտպանված լինեն նաև օնլայն միջավայրում, ինչը մասնավորապես վերաբերում է անձնական կյանքի անձեռմխելիության իրավունքին:
Բացի այդ, փաստաթղթում ՄԱԿ ԳԱ-ն պետություններին կոչ է անում համապատասխանաբար միջոցներ մշակել անձնական տվյալներ հավաքելու դեմ և իրականացնել օրենսդրական համապատասխան ուղղումներ: Բանաձևում ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարին կոչ է արվում զեկույց պատրաստել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանվածության մասին: