
ՄԱԿ ԳԱ-ն ընդունել է հակաիսրայելական վեց բանաձև

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ն երեկ ընդունել է ընդհանուր առմամբ 5 բանաձև, որոնք աջակցություն են հայտնում Պաղեստին և դատապարտում են Իսրայելի օկուպացիոն և շինարարական գործունեությունը:
Փաստաթղթերը չունեն պարտադրող ուժ և կոչված են նպաստել Պաղեստինի ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաև մերձավորարևելյան հակամարտության կարգավորմանը: Բանաձևերից մեկում պահանջվում է դադարեցնել բնակատեղիներ կառուցելու Իսրայելի ողջ գործունեությունը, ինչպես նաև պաղեստինյան տարածքների, այդ թվում նաև Արևելյան Երուսաղեմի, ինչպես նաև սիրիական Գոլանի բարձունքների օկուպացումը:
Բանաձևում ընդգծվում է, որ նման գործողությունները կրում են ապօրինի բնույթ: Մեկ այլ բանաձևում կոչ է արվում Մոսկվայում օպերատիվ գումարել Մերձավոր Արևելքի վերաբերյալ միջազգային կոնֆերանս՝ խաղաղության գործընթացի վերսկսման արագացման ու առաջխաղացման համար: Այդպիսի ֆորումի անցկացումը նախատեսված է ՄԱԿ ԱԽ-ի թիվ 1850 բանաձևով:
Մյուս բանաձևում Իսրայելից պահանջվում է դադարեցնել ապօրինի ու միակողմանի բոլոր միջոցները, որոնք ուղղված են Սուրբ քաղաք Երուսաղեմին սեփական օրենքները, իրավասությունն ու վարչակազմը պարտադրելուն:
Մնացյալ բանաձևերն առնչվում են մերձավորարևելյան կարգավորմանն աջակցելուն նվիրված կազմակերպության ներքին ընթացակարգերին ու նախաձեռնություններին: ՄԱԿ ԳԱ-ն ընդունել է առանձին բանաձև, որում Իսրայելից պահանջել է դադարեցնել սիրիական Գոլանի բարձունքների օկուպացիան:
Բոլոր վեց փաստաթղթերն էլ ընդունվել են ձայների մեծամասնությամբ: Դրանցից յուրաքանչյուրի դեպքում դեմ քվեարկածների թիվը չի գերազանցել 7-ը: Ավանդաբար դեմ քվեարկածների թվում են հայտնվել Իսրայելը, ԱՄՆ-ը և Կանադան: