Եթե Հայաստանը ոստիկանապետություն է, ուրեմն հանցագործ են բոլորը

Նոյեմբերի  5-ին Շանթ Հարությունյանի հետ կալանավորվել են ևս 13 քաղաքացիներ, որոնցից մեկի`Հայկ Հարությունյանի շահերի պաշտպանությունը նոյեմբերի 11-ից իրականացնում է փաստաբան Արտեմ Ալեքսանյանը: Հայտնի է, որ այս գործով կալանավորվածներին առաջադրվել է միևնույն մեղադրանքը`ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մաս`իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը: Այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում 5-10 տարի ժամկետով:
Արդյո՞ք Հայկ Հարությունյանը ընդունում է իրեն ներկայացված մեղադրանքը, և ինչպե՞ս է պատրաստվում փաստաբանն ապացուցել իր պաշտպանյալի անմեղությունը: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Արտեմ Ալեքսանյանի հետ:

– Դուք ծանոթացել եք Հայկ Հարությունյանի  մեղադրանքին, կա՞ն արդյոք ապացույցներ, որ նա բռնություն է կիրառել պաշտոնատար անձի նկատմամբ:

– Հենց սկզբից ասեմ, որ նման պրովոկացիա և գործ կարող են սարքել յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, և հենց դրանով է այսօրվա Հայաստանը բնորոշվում՝ որպես ոստիկանապետություն: Բացատրեմ, թե ինչու եմ ասում՝ յուրաքանչյուրիս նկատմամբ: Փողոցում քայլող յուրաքանչյուր մարդու կարող է մոտենալ քաղաքացիական հագուստով մի անձ և խոչընդոտել նրա տեղաշարժը: Կարող է ասել, որ դու իրավունք չունես քայլել, կամ գնալ այնտեղ, ուր գնում ես: Բնական է, որ կառաջանա վեճ, քաշքշոց, և, երբ այդ անմեղ քաղաքացուն կալանավորեն, նրան մեղադրանք կներկայացնեն իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն իրականացնելու մեջ:

Շանթ Հարությունյանն իր մի խումբ համախոհների հետ մտադիր էր խաղաղ երթ անցկացրել, որն օրենքով արգելված չէ: Քաղաքացիական հագուստով ինչ-որ  մարդիկ փորձել են խոչընդոտել այդ երթը, և առաջացել է վեճ, քաշքշուկ, փոխադարձաբար հարվածել են իրար:

Կարդացեք նաև

Որպես իմ պաշտպանյալ Հայկ Հարությունյանի մեղքի ապացույց՝ ներկայացնում են այդ օրվա տեսագրությունը, որտեղ պարզ երևում է, որ Հայկը փորձում է բաժանել Շանթին և նրա վրա հարձակված քաղաքացիական անձանց: Այդ տեսագրություններում չկա մի դրվագ, որտեղ Հայկը հարվածում կամ քաշքշում է ոստիկանական համազգեստով մարդկանց: Ավելին, երբ նրան փորձում են ձերբակալել, և ոստիկանները փորձում են ոլորել նրա ձեռքերը, նա ասում է, որ ինքը կամավոր կնստի ոստիկանական մեքենան. նույնիսկ ձերբակալման պահին նա դիմադրություն ցույց չի տալիս:

– Բայց նա, այնուամենայնիվ, հարվածել է քաղաքացիական հագուստով անձանց:

– Կադրերում նման բան չի երևում, բայց եթե նույնիսկ լինի էլ, ես կարծում եմ, որ դա հանցագործություն չէ, մարդն ինքնապաշտպանության իրավունք ունի, դա մարդու բնական իրավունքն է: Հայկը հայրենիքի պաշտպան է, ազատամարտիկ, ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողություններին: Եվ եթե նա թուրքի հետ հարաբերվել է՝ որպես հերոս, նա չէր կարող փողոցում իր վրա հարձակված անձանց հետ վարվել՝ որպես նապաստակ. բնական է, որ նա պետք է պաշտպաներ իր անձը և իր ինքնասիրությունը:

– Ի՞նչ պայմաններում են ծանոթացել Ձեր պաշտպանյալը և Շանթ Հարությունյանը: Ձեր պաշտպանյալը և՞ս հեղափոխության կողմնակից էր:

– Դեռ չեմ հասցրել ճշտել, թե երբ են ծանոթացել, բայց Հայկը նժդեհյան գաղափարների, ցեղակրոնի հետևորդ է: Նա հինգ օր նստած է եղել Շանթի կողքին Ազատության հրապարակում, և պարզ է, որ նրանք պետք է համախոհներ լինեն: Երբ նրա իրերը հանձնել են հարազատներին, դրանց մեջ է եղել նաև նրա վզի շղթան՝ սվաստիկայով: Բայց ցեղակրոն լինելը և Նժդեհի գաղափարների հետևորդ լինելը հանցագործություն չէ, դրա համար մարդկանց չեն կալանավորում և մեղադրանք առաջադրում:

– Դուք համարում եք, որ այս գործով ձեր պաշտպանյալն ամբողջությամբ անմե՞ղ է:

– Նորից եմ կրկնում. եթե Հայաստանը ժողովրդավարական և օրինական երկիր է, ապա Հայկը որևէ հակաօրինական քայլ չի կատարել: Ես դատարանից պետք է պահանջեմ, որ նրան ազատ արձակեն և արդարացնեն: Նույնիսկ անհարմար եմ զգում՝ «արդարացնել» բառի համար, քանի որ, եթե մարդ որևէ հանցանք չի կատարել,  նրան ուղղակի չպետք է կալանավորեն: Իսկ եթե Հայաստանը ոստիկանական պետություն է, ապա մեղավոր են բոլորը, բոլորն՝ առանց խտրականության:

Այնպիսի «հանցանք», ինչպիսին վերագրվում է Հայկ Հարությունյանին, կարող է կատարել յուրաքանչյուր քաղաքացի, դրա համար պետք է, որ Ոստիկանությունը համապատասխան սադրանք կազմակերպի: Ես համոզված եմ, որ, ինչպես այսօր են հիշում ստալինյան ժամանակների կամ ինկվիզիցիայի մասին՝ որպես համատարած տեռորի և ապօրինության ժամանակաշրջաններ, մի 30 տարի հետո պատմության մեջ գրվելու է, թե ինչպես էր Հայաստանի ոստիկանությունը գործ սարքում անմեղ քաղաքացիների նկատմամբ և նրանց 5-10 տարի պահում բանտերում և գաղութներում:

Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ անպայման պետք է լինեն քաղբանտարկյալներ. եթե ինչ-որ մարդիկ ազատ են արձակվում, նրանց փոխարեն պետք է բանտ նստեն ուրիշները: Վերջին 6 տարվա Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունն ավանդույթ է դարձել:

Տեսանյութեր

Լրահոս