Բաժիններ՝

«Սա մեծ աֆյորա է»

2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործի պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը: Կարդարանա՞ն իշխանությունների լավատեսական սպասումները, կերևա 23 տարի անց, մինչև 1974թ. ծնված անձանց կենսաթոշակային տարիքը: Իսկ Հայաստանում ի՞նչն է բարդ` հասնել կենսաթոշակային տարիքին, այսինքն` ապրել առողջ և երկար, ինչպես նաև վստահ լինել, որ թոշակային տարիքդ կդիմավորես Հայաստանում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ավելի քան 60 հայաստանյան ընկերությունների 3000 աշխատակիցները դեմ են հունվարի 1-ից կուտակային պարտադիր համակարգին` վստահ, որ այն շտկումների, գրագետ հաշվարկների անհրաժեշտություն ունի: ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներից Կարեն Մելիքյանն ու Դավիթ Օսիպյանը, ինչպես նաև նրանց գործընկերները, պատրաստ են ցանկացած ամբիոնից հիմնավորել իրենց ասածն ու հրապարակային երկխոսության մեջ մտնել իշխանության ներկայացուցիչների հետ:

Նման հանդիպումները քաղաքական մեծամասնությունը համարում է այլևս անաքրոնիկ. այս խնդիրն արդեն երկար ժամանակ քննարկման է դրված, և, մասնավորապես, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կարող էին ավելի վաղ արձագանքել:

– Ինչո՞ւ եք պայքարը սկսում այսքան ուշ. դա անհասկանալի է նաև քաղաքական մեծամասնությանը. օրինագիծը մոտ 10 տարի քննարկման փուլում էգ

Կարեն Մելիքյան– Եթե չեմ սխալվում, 5 տարի պայքարում էինք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ, և մեկ օրում որոշվեց, որ ՄՄ ենք մտնելու: Այսինքն` պայքարի ժամանակահատվածն այս դեպքում էական չէ:

Դավիթ Օսիպյան– Այս հարցը մինչ օրս լուրջ քննարկման չի դրվել: Առհասարակ, հասարակության և իշխանության միջև կապը խախտված է: Երբ մենք հանդիպեցինք այս խնդրով ներգրավված կազմակերպություններից մեկի հետ, ուզում էինք հարցեր տալ, ասացին՝ «Մեզ հարցեր չպետք է տաք, մենք եկել ենք ոչ թե ձեր հարցերը լսելու, այլ ասելու` ինչպես պետք է լինի»:

KarenԿարեն Մելիքյան– Մարդկանց շփոթության մեջ է գցում այդ 5 տոկոս ասվածը: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ իրական աշխատավարձի վրա դա անդրադառնալու է ավելի, քան 5 տոկոս: Եթե մինչև 500.000 դրամ ես ստանում, կազդի 6,5-7 տոկոս, իսկ եթե 500.000-ից ավելի ես ստանում` ըստ աշխատավարձի չափի` մինչև 13 տոկոս: Տեսեք, օրենքի պահանջում հաշվարկն արվում է անվանական աշխատավարձից, այսպես ասած` կեղտոտ աշխատավարձից, իսկ պահումներն անում են քո փաստացի ստացած մաքուր աշխատավարձից: Մաքուր ստացածի համեմատ` այդ տոկոսները մեծ են: Իսկ մարդն իր անվանական աշխատավարձով չի ապրում, այլ ապրում է իր ստացած իրական գումարով: Այսինքն` այս օրենքն էապես վատթարացնելու է մարդկանց սոցիալական վիճակը:

– Ըստ այս համակարգի հեղինակների` համակարգի «դիզայնը» ձևավորվել է անցած 10 տարիների ընթացքում` միջազգային փորձի և բավականին լուրջ փորձագիտական ուսումնասիրությունների հիման վրա: Հաշվի է առնվել Չիլիի, Շվեդիայի, Էստոնիայի, Մակեդոնիայի փորձը:

Դավիթ Օսիպյան– Ծանոթանալով ինֆորմացիայի աղբյուրներին, ոչ մի դրական օրինակ չգտանք: Նշեցիք Մակեդոնիան. այնտեղ 2006-ին է ներդրվել այս օրինագիծը և ազդում է 2003-ից աշխատանքի անցնողների վրա: Էստոնիայում 18 տարեկանների համար է պարտադիր, Շվեդիայում տոկոսն է բավականին քիչ` 2,5 տոկոս է, նրանց տնտեսությունն էլ չես կարող համեմատել Հայաստանի հետ:

Կարեն Մելիքյան- Չիլիում 1980-ից, դեռևս Պինոչետի ժամանակ, այդ օրենքը սկսել էր գործել: 2008-ին այն չեղյալ հայտարարվեց` իր բացասական արդյունքների պատճառով: Եվ հետո, Չիլիում մարդն ուներ ընտրություն` կարող էր մնալ հին սերունդների համերաշխության ծրագրում կամ ընդունել նորը: Օրենքը պարտադիր էր 18 տարեկանների համար: Եվ ոչ թե 40, ինչպես մեզ մոտ: Այսինքն` ես հին շուկայի խաղացող եմ, աշխատանք ունեմ, ինձ համար դա պարտադիր չէր: Նաև` կարող էիր անցնել նորին` հնից հրաժարվելով: Իսկ մեզ մոտ, բացի այն, որ պարտադիր է, հնից էլ չենք կարող հրաժարվել:

Այսինքն` հին քո հարկերը շարունակում ես մուծել: Չիլիում ի՞նչ եղավ` աշխատուժը սկսեց էապես թանկանալ, մի աշխատուժ ստեղծելու համար պետությունն ավելի շատ գումարներ պետք է ծախսեր, և օտարերկրյա ինվեստորների համար անհետաքրքիր դարձավ Չիլիում աշխատատեղեր բացելը: Այս երկու ամսում սկսել եմ ակտիվ զբաղվել այս համակարգի ուսումնասիրությամբ, հասարակ հաշվարկ եմ արել և պարզել` եթե մարդ ողջ կյանքում ստանա նվազագույն աշխատավարձ, որն անվանական 60.000 է, ինքը հին օրենքով կգնար թոշակի և կստանար 41.350 դրամ թոշակ: Այս նոր օրենքով, եթե աշխատի, կստանա ընդամենը 35.500 դրամ թոշակ: Այդ ի՞նչ մասնագիտական քննարկումներ ու հաշվարկներ են, եթե ամենաանապահով խավը տուժում է:

– Ըստ ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանի մի հարցազրույցի` «Շուտով կենսաթոշակային տարիքին են մոտենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «բեյբի բում»-ի արդյունքում ծնված քաղաքացիները, սակայն մեր երկրի տնտեսության զարգացվածության մակարդակն այնպիսին չէ, որ կարողանանք պահել այդ թվով կենսաթոշակառուների` նրանց տրամադրելով արժանավայել թոշակ»:

Կարեն Մելիքյան– Ստացվում է` այն մարդիկ ,որոնք արտագաղթել են երկրից, իսկ նրանց ծնողներն այստեղ են, մեր հաշվին նրանց ծնողները ստանում են թոշակ` գումարած զավակների ուղարկած գումարները: Հիմա մեզ վրա ավելացվում է ևս մեկ բեռ: Հայաստանում միջին աշխատողը, եթե չեմ սխալվում, պահում է չորս թոշակառու: Աշխարհում նման ցուցանիշ չկա: Եթե ավելացվում է մեր բեռը, մեզ այլ ճանապարհ չեն թողնում` օդանավակայանի ճանապարհից բացի:

– Այսօր բոլորը սպառնում են, որ կհեռանան երկրից: Չե՞ք կարծում, որ նման զրույցներ լսելն արդեն բարդ է:

DavitԴավիթ Օսիպյան- Դա սպառնալիք չէ. դուք չեք կարող ժխտել իմ պնդումը, որ այս իշխանությունները նպատակաուղղված բոլորին երկրից վտարելու քաղաքականություն են վարում:

Արտագաղթն աճելու է. եթե մարդ չկա` սպառող չկա, սպառող չկա` արտադրողն է տուժում:

– «ՏՏ համայնքը կարող է էապես շահել կենսաթոշակային համակարգի ներդրումից, պետք է ոչ թե դեմ լինել, այլ միավորվել և համատեղ ներդրումային ծրագրեր առաջարկել: Այդ դեպքում հնարավոր կլինի հսկայական ներդրումներ ուղղել ՏՏ ոլորտ, ինչն այդտեղ կբերի ֆինանսական լրացուցիչ հոսքեր»: Սա ևս մեջբերում է Արտակ Ղազարյանի հարցազրույցից:

Կարեն Մելիքյան– Ռուսաստանում 2014 թվականից այս օրենքը ևս պետք է պարտադիր լիներ, սակայն նրանք հրաժարվեցին` այս հիմնավորմամբ. իրենց մակրոտնտեսական ցուցանիշներն այնքան ստաբիլ չեն, որ կարողանան երկարաժամկետ վարկեր վերցնել ժողովրդից և 20 տարի անց էլ կարողանան դրանք վերադարձնել: Ինչ վերաբերում է հարցում հնչած ներդրումներին, ապա, չեմ կարծում, որ Հայաստանում ներդրումների խնդիր կա. եթե կա լավ գաղափար, ներդրողներ միշտ կլինեն: Իսկ Արտակ Ղազարյանի ասածն այսպես եմ հասկանում. «Ձեր փողերը տվեք մեզ, հետո կմտածենք` որտեղ իրար հետ ծախսենք»:

Դավիթ Օսիպյան– Այսպիսի պատմություն կա. թագավոր է դառնում ջրաղացպանը և հաջորդ օրը հրահանգում փակել դարբնոցները, արհեստանոցները, և դրանց փոխարեն` կառուցել ջրաղացներ. դա է ճիշտը: Մեր երկրում ջրաղացները բանկերն են. ամեն ինչ` հանուն բանկերի: ՏՏ ոլորտը կարելի է զոհել` հանուն բանկերի: Բանկերն այս օրենքից ստանալու են 50-60 միլիոն դոլար, ոչ ավելի: Բայց մենք լուրջ վնասներ ենք կրում: Ժողովրդի աղքատության շեմը 35 տոկոսի է հասել, ոչինչ, բայց որ բանկերի կապիտալիզացիան 28 տոկոսով ավելացել է, ձեռքբերում է: Ո՞ւմ է պետք աղքատ ժողովրդի մեջ հարստացող բանկեր:

– Նոյեմբերի 15-ին ԱԺ-ում արտահերթ նիստ էր հրավիրվել` քննելու այս հարցը: Նշված օրն ԱԺ մեծամասնությունը` ՀՀԿ-ն, բոյկոտեց նիստը: Սա նշանակում է, որ պետք է փնտրել և գտնել պայքարի այլ ճանապարհներ: Համակարգիչների մկնիկներն ԱԺ ճաղերից ներս նետելը, իսկ խափանված պրոցեսորները տանել կառավարության մուտքի մոտ, գեղարվեստական առումով` հետաքրքիր, անգամ ուրախ գաղափար է, բայց գործնական առումով` ոչ այնքան արդյունավետ:

Կարեն Մելիքյան– ԱԺ մեծամասնությունը ոչ մի լուրջ փաստարկ չէր կարող ներկայացնել, նրանք չէին կարող դիմանալ մյուս չորս խմբակցությունների պատգամավորների հարցադրումներին: Եթե իրենց տեղն այդքան պինդ է, թող գան, խոսեն: Փախուստը պարտություն է, տՏՐՏՋպվՌպ, ինչպես բակում խաղացող երեխաներն են ասում: Դա մեր բարոյական հաղթանակն էր: Մյուս քայլերն ուղղված են լինելու իրական հաղթանակին:

Դավիթ Օսիպյան- Երևի 10-15 տարի է` անընդհատ լսում ենք, որ ՏՏ-ն գերակա ուղղություն է. նոյեմբերի 15-ին տեսանք` որքանով է իրական այդ տեսակետը: ՀՀԿ-ն ստորագրել էր նիստի կայացման օգտին, և բոյկոտը նրանց վերաբերմունքն էր ՏՏ ոլորտի նկատմամբ: Մեզ համար ցանկացած հարցի առաջին և վերջին կետը փաստարկն է: Իշխանություններին տրամաբանությունը չի հետաքրքրում, իսկ իմ կարծիքով` մենք մի մարդու պետություն ենք: Այդ մարդը Սերժ Սարգսյանն է. եթե նա, ասեն` «սիրուն չի», վաղն այն չեղյալ կհայտարարվի, վստահ եմ: Մեր հաջորդ քայլը նամակն է նախագահին:

– Հետաքրքիր է, որ տիրապետելով ՏՏ-ներին, Դուք, այդուհանդերձ, հավատում եք բարի ցարի գաղափարին… Ի՞նչ հետևանքներ կունենա այս համակարգի կիրառումը կոնկրետ Ձեր ոլորտի վրա:

Կարեն Մելիքյան- Օրենքը հաշվի չի առնում ընտանիքի անդամների թիվը, քանիսն են աշխատում ընտանիքում: Եթե մարդ ունի հիպոթեք, տուն է գնել կամ մեքենա, ունի երեխաներ, որոնց ուսման վարձն է վճարում, էապես այդ 10 տոկոսն ազդում է ընտանեկան բյուջեի և սոցիալական վիճակի վրա. եթե մինչ այս օրենքը նա համարվում էր միջին խավ, հիմա ծայրը ծայրին կհասցնի: Եթե չասեմ` ամեն օր, ապա շաբաթական առնվազն մեկ անգամ ստանում ենք աշխատանքի առաջարկներ արտերկրից:

Ռուսաստանը հայտարարել է, թե ունի 200.000 ծրագրավորողի պահանջարկ, իսկ Հայաստանի ամբողջ շուկան 8000-10.000-ից չի անցնում: Այսինքն` Ռուսաստանի համար մեկ րոպեի գործ է` կուլ տալ մեր ամբողջ հայաստանյան շուկան:

Դավիթ Օսիպյան- Այս օրենքից հետո աշխատուժը թանկանալու է: Սա այնքան մեծ աֆյորա է` արագ փող հավաքել` բանկերի օգտին: Ինքս հիպոթեքային վարկ եմ վերցրել, հիպոթեքը վճարելուց հետո ամսական ինձ մնում է 250.000 դրամ, 10 տոկոս ինձնից գանձելուց հետո ինձ մնալու է ավելի պակաս գումար, բանկն անմիջապես ինձ համարում է ռիսկային հաճախորդ: Այդ դեպքում բանկը պարտադրում է` գրավ դնել ինչ-որ գումար: Եթե այս պահումները գնային կոնկրետ թշակառուներին այսօր, կհասկանայի, սակայն այդ գումարները գնում են ֆոնդեր, որոնք 23 տարի հետո նոր այդ գումարները վերադարձնելու են: Մեր ծնողների գումարները չվերադարձրած` մեզնից են տանում, ու չեմ կարողանում հասկանալ` ո՞ւր:

– Հայաստանի պայմաններում Դուք ստանում եք բարձր աշխատավարձ, Ձեզ խոստանում են բարեկեցիկ ծերություն, գուցե չարժե՞ր այդքան ցավագին ընդունել «ինչ-որ» 8-10 տոկոս պահված աշխատավարձը:

Կարեն Մելիքյան– Բարձր աշխատավարձը հարաբերական է: Իսկ այն, ինչ ստանում ենք, մեր խելքով վաստակած գումարներ են: Մենք ոչինչ չենք թաքցնում, կաշառք չենք վերցնում, գրանտներ չենք ուտում, որ այսպիսի օրենքներ հորինենք մեր ազգի գլխին: Այս ոլորտի ներկայացուցիչներն ազգի էլիտայի մի մասն են: Իմ կարծիքով` մեր աշխատավարձերը բավականին ցածր են: Օրինակ` Չինաստանում ՏՏ ոլորտում մեզնից շատ են ստանում:

Դավիթ Օսիպյան- Երբ մեզ մոտ ասում են` կիրառել են աշխարհի լավագույն փորձը, ապա կիրառել են միայն այն մասով, որքանով օգուտ է ֆոնդերին: Այդ գումարները մտնելու են բանկեր, բանկերն էլ, աշխարհում միակ ճանապարհը, որով փող են աշխատում, ֆոնդային շուկան է` սպեկուլյացիաներ են անում: Փետրվարին, երբ Նոր տարուց հետո այս օրենքն անմիջապես մարդկանց գրպանին դիպչի, կերևա խնդրի ողջ լրջությունը:

Ինչ վերաբերում է մեր աշխատածին. մենք այդ փողը ոչ թե ստանում ենք, այլ վաստակում, այդ փողը մեզ գալիս է դրսից, ոչ թե Հայաստանի բյուջեից, մեր վաստակած գումարն էլ այս երկրում ենք ծախսում: Իշխանություններն իրենք են ասում` 66 միլիոն դրամ թոշակային ֆոնդից կորավ, Իշխան Զաքարյանն ասում է` բյուջեի 70 տոկոսը ռիսկային է: Դրա՛ հետևից գնացեք, ոչ թե գցեք ձեր ձեռքն օրենքով աշխատող մարդկանց գրպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս