Գալուստ Սահակյանը՝ Անի Զախարյանի մասին. Մարդը եթե հիվանդ է, համապատասխան մասնագետները պետք է նայեն
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե պետք է բաժանվել խմբերի, որպեսզի մի մասը զբաղվի Տարոն Մարգարյանի, մյուս մասը՝ նախարարների, ինքն էլ իր վրա վերցրեց նախագահ Սերժ Սարգսյանի հարցերը լուծելու պարտականությունը. «Ես էլ իմ վրա եմ վերցնում Սերժ Սարգսյանի հարցերը»,- հայտարարեց նա:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ նախ լսելով Անի Զախարյան անունը ասաց, թե ինքը նման քաղաքական գործիչ չի ճանաչում, իսկ երբ հիշեցրինք, որ խոսքը իր նախկին կուսակից, այժմ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահի մասին է, Գ. Սահակյանն այսպես արձագանքեց. «Ո՞վ է դա, էն մի հատ աղջիկ կար, որ ժողովուրդն էլ խայտառակ արեց միտինգի ժամանակ, դրա հե՞տ եք… Դե դա անհեթեթություն է… էդ իմ պրոֆեսիան չի, որ մի բան էլ ասեմ… դրա համար հատուկ մասնագետներ կան, թող նրանք զբաղվեն»:
Գ. Սահակյանը նշեց, թե ՀՀԿ-ն 150.000-ից ավելի կուսակցական ունի, որտեղ կարող են գալ և լուրջ մարդիկ, և անհեթեթները. «Գալիս և գնում են, բայց կուսակցության ընդհանուր բնութագիրն ու քաղաքականությունը շատ բարձր է, քան ինչ-որ մեկն ինչ-որ տեղ կուսակցության մեջ կարող է ընդունվել… կուսակցության մեջ ընդունվելն ի՞նչ է որ՝ ինչ-որ մեկը դիմում է գրում, ընդունվում է կուսակցության մեջ: Այսինքն՝ չենք տանում հիվանդանոց, հոգեբուժարան կամ ինչ-որ տեղ, նոր ընդունում: Ազատ իր իրավունքն է, մարդը որտեղ ուզենա, այնտեղ էլ կարող է… այլ բան է, որ եթե մարդիկ կան, որոնք մարդկային փոխհարաբերությունների ստանդարտից դուրս են, ուրեմն՝ Հայաստանը կործանվում է, վարկաբեկվում է, դրանք հասարակական պրոցեսներ են, կուսակցության մոդելը չի ենթարկվում»:
Նրա խոսքով՝ իրենք չեն ուսումնասիրում բոլոր դիմողների ամբողջ կենսագրությունները, որովհետև հասկանում են, որ մեկը գալիս է շահի, մեկը՝ քաղաքական կարիերայի համար, բայց երբ կեղծ, արհեստածին են լինում՝ շուտով հեռանում են:
«Հետո ցանկացած մարդ կարող է հանձնախումբ կազմել, կուսակցություն ստեղծել և սկսել հայհոյել ամբողջ իշխանություններին, պետությանը, և այլն, և այլն, թեմա դառնա այդ ձեր սոցիալական ցանցերում, և անուն ազգանունն էլ հիշեք: Դուք հիմա որ ասեցիք, ես չպատկերացրի, հետո որ հա կրկնեցիք, հիշացրեցիք, զգացի, որ ինչ-որ մեկը կա, որ փորձում է այսպես խորքային կուսակցական ավանդապաշտությամբ հերքել նաև մեր կուսակցության գոյությունը՝ չմտածելով, որ դրանք ողորմելի հակումներ են և նման խնդիրներով խորհուրդ կտայի հարցնեիք համապատասխան մասնագիտությունների տեր անձանց»:
Մեր հարցին, թե ովքե՞ր են այդ մասնագետները, Սահակյանը պատասխանեց. «Մարդը եթե հիվանդ է, համապատասխան մասնագետները պետք է նայեն: Ես ոչ տեսել եմ, ոչ ճանաչում եմ՝ ով է ընդհանրապես: Էնքան են ասել՝ էս ասեց, էն ասեց, իբրև թե կուսակցություն ունի, մարդիկ է հանդիպել, եսիմ ինչ, էդպես անհեթեթ բաներ… միայն հիշում եմ՝ մի անգամ հեռուստացույցով ցույց տվեցին, որ Ստամբոլցյանն անիծում էր էդ աղջկան: Երևի էդ կադրերը տեսած կլինեք: Դա իր կամքն է, կարող է գնալ որևէ գյուղ, բոլոր տեղերում տարածքային կազմակերպություններ ունենք, կուսակցությունը հասարակությունից դուրս չէ, ինչպես դպրոցը… կա լավ սովորող աշակերտ, կա ծույլիկ, կա միջակ, ես հիմա էստեղ նստած՝ ինչ իմանամ: Հիմա, ենթադրենք, Արթիկում այսօր ով անցավ կուսակցության անդամ, եկել է, հետո տեսել է իր տեղը չի, գնում է մի ուրիշ տեղ է փնտրում. Էդպես դեպքեր էլ են լինում, էստեղ-էնտեղ-էնտեղ-էնտեղ, մեկ էլ տեսնում ես՝ դարձավ վարչության պետ, փոխնախագահ, քաղաքական կոալիցիաների աստիճանով-բանով… Ամեն ինչ հնարավոր է, բայց անհեթեթության զորավիգ դարձնել քաղաքական գործիչներին և հարցեր տալ, դա իմ բնութագրից հեռու բան է»,- հավելեց ՀՀԿ փոխնախագահը: