Երևանում կտեղադրվի Երվանդ Տեր-Ավետիքյանի կիսանդրին
Նոյեմբերի 25-ին գումարված հերթական նիստում, նախքան օրակարգին անցնելը, Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, ի պատասխան օրակարգի ձևավորման առնչությամբ ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի բարձրացրած հարցի, նշել է, որ Երևան քաղաքի ավագանու ինչպես մյուս բոլոր, այնպես էլ այս նիստի օրակարգը ձևավորվել է բացառապես օրենքով սահմանված կարգով՝ ավագանու կանոնակարգին համապատասխան:
Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Հրանտ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը (կիսանդրին) «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հարակից տարածքում տեղադրելու մասին որոշման նախագծին:
Ավագանին միաձայն հավանություն է տվել նաև Երևան քաղաքի նշանավոր կառուցապատող և բարերար Երվանդ Տեր-Ավետիքյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը (կիսանդրին) Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում տեղադրելու, ինչպես նաև պետական, հասարակական գործիչ Ներսես Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի պողոտա հ.17 շենքի ճակատային մասում փակցնելու մասին որոշումների նախագծերին։
Ավագանին 52 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է 2013թ. հոկտեմբերի 11-ին կնքված «ՀՀ Երևանի քաղաքապետարանի և ՌԴ Սատվրոպոլի մարզի Ստավրոպոլ քաղաք մունիցիպալ միավորի միջև եղբայրացման մասին» համաձայնագիրը:
Ավագանու որոշմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին սեփականության իրավունքով անհատույց օտարվել (նվիրել) է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարան։
Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:
Օրակարգի մյուս՝ բնակարանների անհատույց օտարմանը և հողամասերի փոխանակությանը վերաբերող հարցերը նույնպես արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:
Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել դեկտեմբերի 26-ին:
Երևանի քաղքապետարանի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչություն