
Բռնաբարության փորձ Մոսկվա-Երևան օդանավում

Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում, նոյեմբերի 19-ին բռնաբարության փորձ է կատարվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ օրը, 17:30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայաններից մեկից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում անկարգ ուղեւոր կա: Իրավապահները ոստիկանության բաժին բերման են ենթարկել Երասխ գյուղի բնակիչ 28-ամյա Վալերիկ Դալլաքյանին: Նա օդանավում ցանկացել էր խախտել հասարակական կարգը, փորձել էր ծխել զուգարանում, անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել օդանավի անձնակազմի նկատմամբ:
Բացի այդ, պարզվել է, որ Դալլաքյանը հետեւել է նույն չվերթի ուղեւորուհիներից մեկին եւ զուգարան մտնելիս սեռական ցանկությունները բավարարելու նպատակով անպարկեշտ հպվել էր աղջկան, քաշքշել նրան: Նա նույնպիսի փորձ էր կատարել նաեւ օդանավի բորտուղեկցորդուհու նկատմամբ:
Նախապատրաստված նյութերն օգտագործվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: Քննությունը շարունակվում է: