
Չինաստանի կառավարությունն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Ճապոնիային աջակցելուց

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի կառավարությունն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Ճապոնիային աջակցելուց՝ կապված Արևելա-չինական ծովում օդային պաշտպանության բաժանարար գոտու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ՊՆ-ի ներկայացուցիչ Յան Յույցզյունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ վերջին տարիներին իրենք Արևելա-չինական ծովում նկատել են ճապոնական մարտական ինքնաթիռների ակտիվություն: Ընդ որում, Յուզցյունն ընդգծել է, որ Ճապոնիան իրավունք չունի անպատասխանատու հայտարարություններ անել Բաժանարար գոտու վերաբերյալ, իսկ ԱՄՆ-ը չպետք է արկածախնդրային ազդանշաններ ուղարկի Ճապոնիային:
Չինաստանի ՊՆ-ը նոյեմբերի 23-ին հայտարարել էր Արևելա-չինական ծովում օդային պաշտպանության Բաժանարար գոտու ստեղծման մասին, որում ընդգրկվել էին նաև վիճելի Դյաոյույդաո (Սենկակու) կղզիները: Դրանից հետո Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Չինաստանի կողմից միակողմանիորեն ընդունված այդ որոշումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: