
Ուկրաինայում այսօր նշում են Սովասպանդի 80-րդ տարելիցը

ZN.UA-ի փոխանցմամբ` այսօր Ուկրաինայում նշում են 1932-1933 թվականների Սովասպանդի 80-րդ տարելիցը` Սովասպանդի զոհերի հիշատակի օրը: Այսօր Ուկրաինայի բոլոր մարզկենտրոնների կենտրոնական հրապարակներում անցկացվելու են սգո միջոցառումներ, համազգային լռության րոպե և «Հիշատակի մոմ վառի՛ր» ակցիա: Սովասպանդի զոհերի հիշատակը նշվելու է նաև աշխարհի բազմաթիվ երկրներում:
Առաջին անգամ Սովասպանդի զոհրի հիշատակի օրը սահմանվել է 1998 թվականին` Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հրամանով: Նշվում է, որ 1932-1933 թվականների Սովասպանդից առավելապես տուժել է Ուկրաինայի ու Ռուսաստանի հարավի գյուղական բնակչությունը: Պաշտոնական տվյալներով` Սովասպանդի ժամանակ մահացել է մոտ 9 միլիոն մարդ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` մինչև 13 միլիոն մարդ:
Ընդգծվում է, որ Ուկրաինայի տարածքում Սովասպանդ գրանցվել է նաև 1921-1923 և 1946-1947 թվականներին: