… Իրական խուլիգաններին թող փնտրեն, կգտնեն
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածներից Վահե Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել): Վահեի անչափահաս երկու դուստրերը` հինգ եւ չորս տարեկան, գիտեն, թե հայրիկը Ջերմուկում է, շուտով գալու է: lragir.am-ը զրուցել է նրա կնոջ` Մարգարիտա Ստեփանյանի հետ:
– Մարգարիտա, նոյեմբերի հինգին տեղի ունեցած իրադարձություններից տասնյոթ օր է անցել: Այդ օրվա տեսագրություններում երևում է, որ Վահեն լավ վիճակում չէր: Ի՞նչ տեղեկություն ունեք նրա առողջական վիճակի մասին, այս ընթացքում ինչ- որ բան հնարավոր եղե՞լ է պարզել:
– Տեղի ունեցած դեպքերի երրորդ օրը, երբ տեղեկացանք, որ վեց հոգի ազատ է արձակվել, որտեղ նշված էր նաև Վահե Մկրտչյանի անունը (իսկ մենք որևէ կասկած չունեինք, որ Վահեն ազատ կարձակվի, քանի որ տեսագրություններում որևէ տեղ չենք տեսել Վահեին որևէ մեկին հարվածի, ավելին, ակնհայտ երևում է, թե ինչպես են քաղաքացիական համազգեստով ոստիկաններ հարվածում Վահեին), ԿՊԶ-ից չորս երիտասարդներ դուրս եկան, Վահեն չկար: Պարզվեց, որ բերման ենթարկվածներից որևէ մեկը մյուսից տեղեկություն չուներ, քանի որ տարբեր սենյակներում են եղել:
Վահեին հաց էի տարել, չընդունեցին, ասացին, որ նա այստեղ չէ: Մինչև երեկո սպասեցինք, մեզ մոտեցան ՄԻՊ-ի գրասենյակից երկու անձ, ասացին, որ եթե որևէ մեկի մասին ուզում ենք տեղեկություն ունենալ, կարող են օգնել: Նրանք բացեցին իրենց մոտ եղած ցուցակները, ասացին, որ Վահե Մկրտչյանն ունի առղջական խնդիր, ռենտգենի կարիք, կողային հատվածում վնասվածք ունի: Նորից մոտեցա, ասացին` Վահե Մկրտրյանն ազատ արձակված չէ: Հաջորդ օրը նորից գնացինք, էլի չընդունեցին, ասացին` վաղը Նուբարաշենի ՔԿՀ կարող ենք Վահեի հացը տանել: Գնացինք Նուբարաշենի ՔԿՀ, այնտեղ էլ չընդունեցին, ասացին` շաբաթ-կիրակի է, երկուշաբթի կբերեք: Երկուշաբթի առաջին անգամ կարողացանք սնունդ և հագուստ փոխանցել, և մինչև օրս որևէ տեղեկություն չունենք Վահեի մասին: Տեսակցությունը մինչ այժմ արգելված է:
– Վահեն այդ օրերին անընդհատ Շանթի կողքին էր: Այդ օրը արդյոք մտավախություն չուներ, որ հնարավոր է դեպքերի նման զարգացում:
– Չուներ որևէ մտավախություն, եթե ունենար, դա ինձ էլ կփոխանցվեր: Նա շատ հանգիստ գնաց` ասելով, որ ակցիա են կազմակերպել: Դեպքին նախորդած օրերին նա պարբերաբար եղել է Ազատության հրապարակում` Շանթի կողքին: Նա Շանթին գիտի տասնհինգ տարեկանից: Երբ տասնհինգ տարեկան է եղել, Շանթի և մի քանի տղաների հետ պատերազմ է մեկնել:
Նա իր պատանեկությունն անց է կացրել սահմաններում, պայքարել է հանուն երկրի ազատության, իր ապրումները, ազատության, անկախության համար մղած պայքարն ամեն օր պատմում էր նաև երեխաներին` նրանց մեջ նույնպես սերմանելով հայրենասիրություն, հայրենիքի նկատմամբ սեր, նվիրում: Վահեի մոտ այնքան շատ է հայրենիքի նկատմամբ սերը (հուզվում է)… Իրականում շատ քիչ մարդ կա մեր կողքին, որ հայրենիքի համար այդքան մտահոգ լինի, այլապես չէր լինի այս վիճակը, չէր լինի համատարած արտագաղթ:
– Վահեն կարծում է, որ հեղափոխությո՞ւնն է երկիրը ճահճից հանելու:
– Այս պահին նրա փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց երբ այդ օրը նրան հարցրել եմ` ուր եք գնում, ինձ պատասխանել է` Գայ Ֆոքսի դիմակներով երթի ենք գնում: Հիմա երբ ասում են` խուլիգանություն էր նրանց արարքը, առնվազն զարմանալի է: Ես դեմ եմ դրան, ես չեմ համարում իրենց արարքը խուլիգանություն, ընդհակառակը, ես նրանց մեջ տեսնում եմ միայն հայրենասիրություն, ազնվություն, հանդիպեք մյուս ընտանիքներին, կտեսնեք, որ այդ բոլոր ընտանիքներում բոլոր հայրենասեր նվիրյալներ են, իսկ իրական խուլիգաններին թող փնտրեն, կգտնեն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: