
Թուրքիան հանդես է գալիս Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու օգտին. Էրդողան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սանկտ Պետերբուգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցելու օգտին.
«Ինչ վերաբերում է ՇՀԿ-ի հետ համագործակցությանը, ապա ես նախկինում նույնպես այդ հարցը բարձրացրել եմ պարոն նախագահի (Վլադիմիր Պուտին) հետ բանակցությունների ժամանակ: Եվ ներկայումս էլ հայտարարում եմ, որ մենք ունենք նման մտադրություն:
Թուրքիան ունի ԵՄ-ի հետ բանակցելու 50-ամյա փորձ, սակայն այդ բանակցություններն այդպես էլ արդյունք չեն տվել: Ահա ես խնդրում եմ Ձեզ, որ Թուրքիային ընդունեք ՇՀԿ-ի շարքերը, և մեզ ազատեք այդ բանակցություններից»: Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է.
«Միջազգային արենայում Թուրքիայի հեղինակությունը և նրա անկախ, ինքնիշխան քաղաքականությունը, որն իրականացվում է Էրդողանի գլխավորությամբ, տալիս են բոլոր հիմքերը, որ Թուրքիան գնալով ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերի տարածաշրջանային միջազգային կառույցներում:
Մենք շահագրգռված ենք դրանում: Ռուսաստանը ցանկանում է հետագայում Թուրքիայի հետ համագործակցել տարածաշրջանային բոլոր խնդիրների շուրջ»: