Իրավունքի և ազատություն կենտրոն. Շանթ Հարությունյանը և նրա ընկերները քաղբանտարկյալներ են

«Շանթ Հարությունյանը և իր ընկերները, նոյեմբերի 5-ին, իրենց միացած քաղաքացիների հետ միասին, դուրս եկան երթի: Հաշվի առնելով նախկին երթերի ու ցույցերի փորձը, երբ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում օրենքի սահմաններում խաղաղ միջոցառման դուրս եկած մարդկանց նկատմամբ, երթից առաջ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են պաշտպանվել սպասվող ոստիկանական բռնությունից: Նրանք իրենց ձեռքերում ունեին խանութներից գնված բահի պոչեր եւ պայթուցիկներ, որոնք օժտված էին միայն ձայնային էֆեկտով, որեւէ մեկին վնաս ոչ հասցրել են եւ ոչ էլ կարող էին հասցնել: Երթը պետք է ունենար խաղաղ ընթացք:

Շանթ Հարությունյանը նախապես ու հստակ հայտարարել էր, որ դեկտեմբերի սկզբին գործողություններ իրականացնելու ծրագիր ունի:  Նրանք չէին պատրաստվում ընդհարվել ոստիկանության հետ եւ ձերբակալվել նոյեմբերի 5-ին: Ընդհարումը տեղի ունեցավ ցուցարարների մեջ եղած քաղաքացիական հագուստով ոստիկանների` ամենայն հավանականությամբ նախապես ծրագրված սադրանքի արդյունքում: Այս հանգամանքի վրա Շանթ Հարությունյանը, երթից առաջ, ոստիկանության ուշադրությունն էր հրավիրում եւ պահանջում էր նրանցից նման բան թույլ չտալ:

Շանթ Հարությունյանը քաղաքական կարգախոսերով քաղաքական պայքարի էր դուրս եկել: Հայաստանի քաղաքացին տարիներ շարունակ փորձում է փոխել երկրում տիրող անտանելի քրեական այս մթնոլորտը: Իշխանություններն իրենց կեցվածքով ամեն վարկյան ցույց են տալիս, որ Հայաստանում ընտրություններ չեն լինելու: Նրանք յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո ժողովրդի արդարացի ընդվզումը ճնշում են մահակներով ու ավտոմատների կրակահերթերով՝ չխորշելով ոչ բռնություններից եւ ոչ էլ սպանություններից: Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների պայքարի ընտրած ձեւը երկրում ստեղծված իրավիճակին համարժեք էր եւ է:

Իրավունքի և ազատություն կենտրոնը հայտարարում է, որ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները քաղբանտարկյալներ են: Պահանջում է ազատ արձակել նրանց: Կոչ է անում իշխանություններին սթափվել, հրաժարվել բիրտ ուժի կիրառումից, ընտրակեղծարարությունից, սադրանքներից, քաղաքական ակտիվիստներին հետապնդելու ու կալանավորելու պրակտիկայից: Հակառակ դեպքում մարդկանց մեջ կուտակված արդարացի զայրույթին դիմակայել չեք կարողանալու»:

Կարդացեք նաև

Իրավունքի և ազատություն կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյան

Տեսանյութեր

Լրահոս