
Տիմոշենկոն Յանուկովիչին կոչ է արել գումարել Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն դիմել է նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ կոչ անելով հավաքել Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստ և որոշում ընդունել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին:
Այս մասին նշված է եղել նախագահին հասցեագրած նախկին վարչապետի նամակում, որը Խարկովում լրագրողների ներկայությամբ ընթերցել է նրա փաստաբան Սերգեյ Վլասենկոն: Տիմոշենկոն հավելել է, որ եթե Յանուկովիչը չվարվի նման կերպ, ապա դիմելու է եվրոպական առաջնորդներին՝ խնդրելով Ասոցացման ստորագրման հարցը լուծել առանց Ուկրաինայի կողմից բոլոր չափանիշները կատարելու:
Նշվում է, որ չնայած Ուկրաինայի կառավարությունը երեկ կասեցրել է Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունը՝ Վիկտոր Յանուկովիչը չեղյալ չի հայտարարել իր այցը Վիլնյուս: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ ԵՄ-ը Վիլնյուսում սպասում է Վիկտոր Յանուկովիչի մասնակցությանը: