
Վրաստանը Վիլնյուս է մեկնում շատ լավ արդյունքով. Գեորգի Մարգվելաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Վիլնյուսի գագաթաժողովին է մեկնում շատ լավ արդյունքով: Մարգվելաշվիլին հավելել է, որ Վրաստանի կառավարության գլխավոր ռազմավարությունը շարունակում է մնալ մեկ տարվա ընթացքում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը.
«Մենք անցկացրել ենք օրինակելի, եվրոպական տիպի ընտրություններ, ինչը հանդիսանում է չափազանց լավ նախադրյալ Եվրոպայի առջև կանգնելու համար: Կարծում ենք, որ Վրաստանը Եվրոպայի անքակտելի մասն է: Շեշտը դրվում է ապագա պլանների վրա, որոնք կհաջորդեն համաձայնագրի նախաստորագրման և ստորագրման ժամանակաշրջանին»:
Վրաստանը պլանավորել է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել ԵՄ-ի հետ: Մարգվելաշվիլին գլխավորելու է Վիլնյուս մեկնող վրացական պատվիրակությունը: