Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ

ՀՀ ԱԳՆ կայքում տեղադրվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ, որը ներկայացնում ենք ստորև.

 – Պարոն նախարար, Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին և արդյոք հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը։

– Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն։

– Այսինքն անորո՞շ է …

Կարդացեք նաև

– Որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետներում։

– Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է կնքի Հայաստանը։

– Ես արդեն ասացի, ինչ-որ լինելու է, կիմանաք պատշաճ ժամկետներում և կարգով։

– Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայի հրաժարվելը կազդի Հայաստանի մտադրության վրա:

– Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարևան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք։ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով։

Դրա մասին ասվել էր նաև այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո:

Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա։

– Պարոն նախարար, նախագա՞հն է գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը:

– Ես ասացի, որ մենք կհայտնենք պատշաճ ձևով և պատշաճ ժամանակահատվածում։

– Բայց ի՞նչ է լինելու, վերջ ի վերջո ինտրիգ է չէ՞ առաջանում:

– Այցելությունների մասին, տարբեր մակարդակներով կազմակերպվող միջազգային համաժողովներին մասնակցության մասին, ինչպես դուք տեղյակ եք, սովորաբար հայտնվում է… քանի օրո՞ւմ: Երբեք չի եղել, որ տաս օր, կամ մեկ շաբաթ առաջ հայտնվի:

– Պարզապես հարցը հուզում է հանրությանը, այդ պատճառով…

– Ես ձեզ պատասխանեցի` կտեսնեք հաղորդագրությունը և կիմանաք:

–  Եվրամիության հետ զարգացման հեռանկարնե՞ր…:

– Հեռանկարները լավ են, դրական են, մենք շարունակելու ենք համագործակցությունը:

– Հնարավոր է, որ Ուկրաինայի հրաժարվելուց հետո Արևելյան գործընկերության շեշտադրումը Եվրամիության կողմից ավելի թուլանա, և որի մեջ է հենց Հայաստանը: Այսինքն Եվրամիության հայացքը թեքվի դեպի…

– Այդ հարցը պետք է ուղղել Եվրամիությանը, իսկ ինչ-որ վերաբերում է Հայաստանին, ապա մեր մոտեցման մասին, ես ասացի:

– Վահան Հովհաննիսյանի ագրեմանի մասով, քննարկումներ կան, ի՞նչ կասեք։

– Ագրեմանը խնդրվել է, չի խնդրվել, ինչպես է ընթանում գործընթացը՝ ըստ ընդունված կարգի այդ հարցերը հրապարակային քննարկման ենթակա չեն։ Երբ որ դեսպանի նշանակման հետ կապված գործընթացները ավարտվում են, ընդունվում է որոշում, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն է հրապարակվում: Ես դա ասում եմ ոչ թե որևէ կոնկրետ նշանակման վերաբերյալ, այլ ընդհանրապես ընդունված կարգը դա է։

Տեսանյութեր

Լրահոս