
Ուկրաինական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել՝ կառավարությանն անվստահություն հայտնելու համար

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի խորհրդարանում ներկայացված ընդդիմությունն այսօր ստորագրահավաք է սկսել և մտցրել է Նիկոլայ Ազարովի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձև:
Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը. «Պետք է հրաժարական տա հակաուկրաինական այս կառավարությունը: Սա վարչակարգի դեմ պայքարում առաջին քայլն է»:
Գործող կանոնակարգի համաձայն, ընդդիմադիր պատգամավորներին անհրաժեշտ է հավաքել 150 ստորագրություն, որպեսզի տվյալ օրինագիծը դիտարկվի խորհրդարանում: Նիկոլայ Ազարովին այսօր խորհրդարանում դիմավորել են «հեռացի՛ր» և «խայտառակություն» բառերով:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան ունի 450 անդամ, որից 99-ը կազմում են «Բատկիվշչինա» կուսակցության անդամները: Իշխող «Ռեգիոնների» կուսակցությունն ունի 210 մանդատ: