
Թուրքիան ու Ռուսաստանը մտադիր են մինչև 2020 թվականն ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի. Էրդողան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու Ռուսաստանը մտադիր են մինչև 2020 թվականը միմյանց միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի: Այս մասին Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի չորրորդ նիստում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը.
«Մենք ունենք ընդհանուր նպատակ. դա մինչև 2020 թվականն ապրանքաշրջանառության ծավալը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելն է: Տվյալ ուղղությամբ մտադիր են աշխատել բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները»: Ակնկալվում է, որ այս տարեվերջի դրությամբ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կհասնի 35 միլիարդ դոլարի:
Էրդողանն ընդգծել է ռուսական «Սբերբանկ» մուտքը թուրքական շուկա՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ Ռուսաստան ժամանած թուրքական պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև թուրքական բանկերի ղեկավարներ. «Այժմ նրանք ինքները կարող են անցկացնել երկկողմ հանդիպումներ»:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան աջակցելու է Անկարայում ռուսական Մշակույթի կենտրոնի կառուցմանը: Էրդողանը հավելել է, որ Անկարան պլանավորել է իր հերթին Մոսկվայում բացել նման կենտրոն: