
Նիկոլայ Ազարովին Ուկրաինայի խորհրդարանում դիմավորել են «հեռացի՛ր» և «խայտառակություն» բառերով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու ԵՄ-ի ներկայացուցիչների միջև առևտրային-տնտեսական համագործակցության շուրջ եռակողմ բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթ՝ նախքան Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի անցկացումը:
Այս մասին Ուկրաինայի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ մեկնաբանելով ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրման գործընթացի դադարեցումը. «Մենք առաջարկել ենք անցկացնել եռակողմ ձևաչափով բանակցություններ՝ ԵՄ-ի ու Ռուսաստանի մասնակցությամբ: Ռուսաստանը տվել է իր համաձայնությունը:
ԵՄ-ի հետ ասոցացման նախապատրաստության կասեցման մասին որոշումը ծանր է, սակայն միակ հնարավորությունն է այն տնտեսական իրավիճակում, որը ձևավորվել է Ուկրաինայում: Վերջին կաթիլը դարձավ ԱՄՀ-ի դիրքորոշումը՝ գազի ու ջեռուցման սակագների բարձրացումը մոտ 40 տոկոսով»:
Նշվում է, որ Ուկրաինայի խորհրդարանում Ազարովին դիմավորել են «Հեռացի՛ր» և «Խայտառակություն» բառերով, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները թղթեր են նետել կառավարության անդամների վրա: Խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը վաղաժամ փակել է խորհրդարանի նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: