Սերժ Սարգսյանն այցելել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ դիտել է թանգարանի նոր ցուցադրությունը: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի ներկայացմամբ, ցուցադրանյութը ներառում է 18-20-րդ դարերի հայ գրականությունը, թատերարվեստը, կինոարվեստն ու երաժշտարվեստը: Ցուցադրված նյութերը պատմում են ոչ միայն գրականության, արվեստի ասպարեզի հարյուրավոր երախտավորների, այլև հայ իրականության մեջ նշանակալի հետք թողած կրթական, գիտական, մշակութային հաստատությունների, գրական, երաժշտական, թատերական խմբերի, միությունների, նշանավոր պարբերականների խմբագրությունների մասին:
Ցուցադրանյութին ծանոթանալուց հետո Հանրապետության Նախագահը թանգարանի Կոմիտասի անվան դահլիճում, հայ գորգագործությունն արժանվույնս աշխարհին ներկայացնելու և հայկական գորգարվեստի միջազգային ճանաչմանը նպաստելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար, արվեստաբան Ֆոլքմար Գանցհորնին (Գերմանիա) պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: Ֆոլքմար Գանցհորնը Հայաստան է ժամանել «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում «Քրիստոնեա-արևելյան գորգը. ակունքներից մինչև XVIII դարն ընկած պատկերագրական և պատկերագիտական զարգացման ուրվագիծ» իր աշխատության հայերեն թարգմանության շնորհանդեսի առթիվ: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը Նախագահ Սերժ Սարգսյանին և ցուցահանդեսի մյուս այցելուներին ներկայացրել է վերոնշյալ աշխատությունն ու հեղինակին:
Նա ընդգծել է, որ hանրագիտարանային բնույթի ծավալուն այդ աշխատությունը՝ 534 էջ, աննախադեպ պատկերային հիմքով հազարից ավելի նմուշներ և գծանկարներ, գերմաներեն կրկնակի վերահրատարակությունից զատ, բազմահազար տպաքանակով հրատարակվել է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն: Աշխատության հայերեն թարգմանությամբ լույսընծայումը մշակութային իրադարձություն է, գորգագիտության յուրատեսակ ձեռնարկ, հայոց պատմության ու մշակույթի տարբեր խնդիրների առաջադրման ու մեկնության յուրատեսակ հրավեր՝ մերօրյա և ապագա գիտնականներին: Անելկա Գրիգորյանը մեջբերել է նաև հեղինակի՝ դոկտոր Ֆոլքմար Գանցհորնի խոսքերը.
«Արևելյան գորգերի զարդանախշային գանձարանը կազմում է հայկական ինքնության մի մասը և որպես այդպիսին էլ պետք է ըմբռնվի»:
Գերմանացի գիտնականը շնորհակալություն է հայտնել նման պարգևի արժանանալու համար և խոսել այդ կարևոր աշխատությունը ձեռնարկելու իր դրդապատճառների մասին:
Թանգարանում Նախագահն ունկնդրել է «Ավանդական նվագարաններ» համույթի կատարումները:
Առանձին հինգ ցուցասրահներում շրջայցի ժամանակ թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ներկայացրել է պետական աջակցությամբ վերջին տարիներին թանգարանում և թանգարանի 5 մասնաճյուղերում իրականացված ու ընթացիկ հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև կազմակերպված մշտական ցուցադրությունները:
Սերժ Սարգսյանը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան այցելությունից հետո, Մշակույթի նախարարությունում կանցկացնի խորհրդակցություն՝ նախարարության ղեկավար անձնակազմի հետ: