Սիրիական հակամարտության ամենաբարձր գինը վճարում է Թուրքիան. Էրդողան
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, անդրադարձել է Սիրիական հակամարտության և երկկողմ հարաբերությունների խնդրին.
«Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների քանակն արդեն իսկ կազմում է ավելի քան 600.000 մարդ: Թուրքիան իր տարածքում սիրիացի փախստականներին տեղավորելու վրա արդեն իսկ ծախսել է մոտ 2 միլիարդ դոլար:
Թուրքիան վճարում է ամենաբարձր գինը՝ կապված Սիրիայի իրադարձությունների հետ: Միջազգային հանրության օգնությունը կազմել է միայն 135 միլիոն դոլար: Անկարան շահագրգռված է Սիրիական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ»:
Էրդողանի կարծիքով՝ Սիրիական հակամարտության վերջնական կարգավորմանը պետք է մասնակցեն Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Իրանը և ՄԱԿ ԱԽ-ի բոլոր մշտական անդամները. «Այդ դեպքում մենք բավական արագ կհասնենք խնդրի լուծմանը»:
Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված՝ Էրդողանն ընդգծել է, որ զբոսաշրջային և հատկապես էներգետիկ ոլորտում բավական բարձր մակարդակի վրա է գտնվում ռուս-թուրքական համագործակցությունը: Էրդողանի խոսքերով՝ Անկարան առաջարկում է զարգացնել էներգետիկ ոլորտում փոխգործակցության նոր ուղղությունները, ինչը մասնավորապես վերաբերում է միջուկային էներգիային.
«Տվյալ ոլորտում մենք բեկում ենք գրանցել. Ռուսաստանի հետ համատեղ կառուցվում է Աքքույուի ատոմակայանը: Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, ընթանում է նախագծի իրագործման երրորդ տարին: Մենք մեծ նշանակություն ենք տալիս դրան, իսկ այն փաստը, որ ատոմային էներգիայի ոլորտում մեր առաջին քայլը կատարում ենք Ռուսաստանի հետ, ինքնին խոսուն է»: