Վարդան Պետրոսյանը հրաժարվել է մասնակցել քննչական գործողությունների

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կքննի դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանի բողոքը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը բողոքարկել է Վ. Պետրոսյանին կալանավորելու մասին` Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Պաշտպանը միջնորդել է Վ. Պետրոսյանին ազատել կալանքից կամ նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ որպես գրավի գումար սահմանելով 500.000 դրամ:

Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ (ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մաս): Երևան-Եղվարդ ճանապարհին ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Վ. Պետրոսյանի առողջական վիճակը լավ չէ: Նա շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում: Մեզ հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց նրա պաշտպանը՝ Ն.Բաղդասարյանը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Վ. Պետրոսյանը կալանավորվել էր. նա նոյեմբերի 9-ից գտնվում էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Նոյեմբերի 18-ին Վ.Պետրոսյանի առողջական վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին «Քանկոր» բժշկական կենտրոն: Քրեական գործի զարգացումների մասին զրուցեցինք Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

– Ինչպե՞ս է Վ.Պետրոսյանի առողջական վիճակը:

– Առողջական վիճակը նորից լավ չէ: Պետք է գտնվի հիվանդանոցում: Վիճակի հետ կապված խնդիրներ ունի:

– Հայտնի չէ, թե՞ երբ նրան կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

– Ո՛չ:

– Օրեր առաջ բացարկ էիք հայտնել քրեական գործը քննող քննիչ Հայկ Հակոբյանի դեմ՝ նշելով, որ քննիչը Վ.Պետրոսյանին ասել է՝ «դեռասանը մեյմունություն է անում», ինչպես նաև` նրա կողմից արված այլ խախտումներ: Դիմել էիք նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ քննիչ Հ. Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Ի՞նչ են Ձեզ պատասխանել:

– Որոշում չունենք, բայց այսօր ստացել ենք որոշում, որով՝ իրեն նշանակել են այդ գործով քննչական խմբի ղեկավար: Այսինքն՝ մենք բացարկ ենք հայտնում քննիչին, արձանագրում ենք նրա խախտումները, իրենք որոշում են կայացնում, նրան նշանակում են քննչական խմբի ղեկավար:

– Իսկ Ձեր կողմից ներկայացված բացարկին պատասխանելու ժամկետը չի՞ լրացել:

– Վաղուց:

– Ասացիք, որ որոշում է կայացվել և հարուցված քրգործով ստեղծվել է քննչական խումբ: Դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:

– Ես անկեղծ չեմ հավատում, որ այս պահից ի վեր կա ծավալուն քննչական գործողությունների կատարման անհրաժեշտություն, որի համար պետք է երեք քննիչ ներգրավեին: Իսկ Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է ծավալուն քննչական գործողությունների կատարման համար միայն քննչական խումբ ստեղծել: Նման բան չկար այս գործում: Մեկ քննիչ կարող էր գործը քննել ավելի կարճ ժամկետում և ավարտել, եթե օրինական գործողություններ կատարեր:

– Երեկ հայտնեցիք այն մասին, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչպես նաև հրաժարվել է Հայկ Հակոբյանի ղեկավարած քննչական խմբի որևէ գործողության մասնակցել: Ինչո՞վ է պայմանավորված Վարդան Պետրոսյանի այս դիրքորոշումը:

– Պատճառն այն է, որ մարդու արժանապատվությունը վիրավորող քննիչի մասնակցությամբ յուրաքանչյուր մարդ կհրաժարվեր քննչական գործողության մասնակցել: Սա բանականություն է, ինձ թվում է, իրավական խնդիր չէ:

– Վթարի մեխանիզմը պարզելու համար ցանկացել էիք նաև ստանալ ԱՊՊԱ ծառայության լուսանկարները: Ստացե՞լ եք այդ նկարները: Դրանք որևէ կերպ օգնե՞լ են վթարի հանգամանքները հասկանալու համար:

– Բազմաթիվ հարցումներ ենք արել: Մեր վարկածով՝ նաև դեպքի վայրի զննության արձանագրության մեջ են սխալ տվյալներ արտացոլվել: Մենք դեռևս սպասում ենք, որ պաշտոնական փաստաթղթեր ստանանք: Բոլոր ավտոմեքենաների վերաբերյալ կատարվել են հարցումներ: Իրենք հարցումներ կկատարեն Հայաստանի ներկայացուցչություն: Ենթադրվում է, որ հարցումներ կկատարվեն իրենց գործարաններին, կստանանք գործարանների պաշտոնական փաստաթղթերը «Նիվա» մակնիշի ավտոմքենայի որակի, ավտոմեքենայի ապակիների մգության և այլ հարցերի վերաբերյալ: Կստանանք նաև «BMW» մակնիշի ավտոմեքենայի մասին տվյալները: Սպասում ենք նաև մոդելավորման արդյունքներին:

– Դուք բողոքարկել էիք Վ. Պետրոսյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Այսօր վերաքննիչ քրեական դատարանը կքննի Ձեր բողոքը: Ի՞նչ եք սպասում դատարանից:

– Ես համոզմունքներ ունեմ, որ պետք է որոշում կայացնի վերացնելու մասին, բավարարի իմ բողոքը:

– Օրերս Ձեր ֆեյսբուքյան էջում նշել էիք, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը, որը որոշում էր կայացրել Վ. Պետրոսյանին կալանավորելու մասին, նմանատիպ գործերով կալանավորման մասին որոշում չէր կայացրել: Նշել էիք, որ անգամ դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելուց հետո խափանման միջոց կալանք չընտրվեց մեղադրյալի նկատմամբ, իսկ Վ.Պետրոսյանի գործով դեռ վթարի մեխանիզմն անհայտ լինելու և օրենքով կալանավորման համար հիմքերի բացակայության պայմաններում, Կոտայքի դատարանը` հաշվի առնելով ծանր հետևանքները, Վ. Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրեց: Ինչո՞վ եք պայմանավորում այդ հանգամանքը:

– Խոսքը վերաբերում էր նույն հիմքերին: Բացատրություն չունեմ: Այնտեղ էր երկու մարդ մահացել, այստեղ էլ է երկու մարդ մահացել: Եթե իրենք ասում են, որ երկու մարդու մահանալու դեպքում մարդը պետք է կալանավորվի, ինչո՞ւ այդ դեպքում, երբ դատական ակտ է լինում, չեք կալանավորում մարդուն:

– Ավելի վաղ տված Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Վ. Պետրոսյանը մի դեպքում կարող է անմեղ դուրս գալ. «Միայն մեկ հարց պետք է տալ, որ պարզվի` ինքը անմե՞ղ է, թե՞ չէ. այն է՝ վթարին նախորդող պահին ինչ ձև է շարժվել «Նիվա» մակնիշի մեքենան: Մի դեպքում կարող է Վարդան Պետրոսյանն անմեղ դուրս գալ, եթե, ըստ թողնված հետքերի` պարզվի, որ «Նիվա» մակնիշի մեքենան վթարին նախորդած պահին կտրել է Վ.Պետրոսյանի մեքենայի դեմը, մտել է իր երթևեկելի գոտի, միայն այդ դեպքում Վ. Պետրոսյանն անմեղ կճանաչվի, մնացած դեպքերում ակնհայտ է, որ Վ. Պետրոսյանը չի պահպանել համապատասխան տարածությունը, արագությունը եղել է բարձր, որի պատճառով էլ վթարի պատճառ է հանդիսացել»: Քրեական գործի նյութերին, փորձաքննության արդյունքներին ծանոթանալուց հետո նույն կարծիքի՞ն եք:

– Ես ասել եմ, որ կարող եմ երկու դեպք ներկայացնել: Մի դեպքում է անմեղ, մյուս դեպքերում՝ մեղավոր, բայց կա տասը տոկոս հավանականություն, որ դեպքը եղել է այլ կերպ: Այդ երկու վարկածները, որ ես առաջ էի քաշել դեռևս գործի նյութերին չծանոթանալով՝ հերքվեցին: Վարկածը, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ուղիղ է գնացել, միանշանակ հերքվել է, և մյուս վարկածը, որ Վ. Պետրոսյանը մեծ արագություն է ունեցել, ևս հերքվել է:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս