
Վրացի զինծառայողների զրահամեքենան Աֆղանստանում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանում ISAF-ի (Անվտանգության աջակցության միջազգային ուժեր) խաղաղապահ առաքելությանը մասնակցող վրացի զինծառայողների զրահամեքենան պայթեցվել է Հելմանդ նահանգում իրականացված գործողության ժամանակ: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Վրացի զինծառայողների MRAP զրահամեքենան պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա, սակայն դրա հետևանքով անձանակազմից ոչ ոք չի տուժել: Միջադեպից հետո դեպքի վայր են կանչվել սակրավորներ, իսկ մեքենան տարհանվել է: Նշվում է, որ վրացի զինծառայողների ու ամերիկացի ծովային հետևակայինների գործողությունը մեկնարկել է տեղական ժամանակով, առավոտյան ժամը 9.00-ին և տևել է 7 ժամ՝ իրականացվելով 4 փուլով:
Վրաստանն ISAF-ի առաքելությանը մասնակցում է 2009 թվականից: