Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանը տապալել է Տիմոշենկոյի խնդրի լուծմանը նվիրված վեց օրինագծերը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան (խորհրդարան) նոյեմբերի 21-ին մերժել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի խնդրի լուծմանը նվիրված վեց օրինագծերը: Որոշվել է արտերկրում Տիմոշենկոյի բուժում ստանալուն առնչվող այդ օրինագծերը դիտարկել կրճատ ընթացակարգով:

Սակայն օրինագծերից ոչ մեկն էլ չի հավաքել 195 քվեից ավելի, մինչդեռ ընդունման համար պահանջվում էր առնվազն 226 քվե: Ռեգիոնների կուսակցությունն ու կոմունիստները չեն քվեարկել:

Ավելի վաղ խորհրդարանում գրանցվել էր 6 օրինագիծ, որոնցով նախատեսվում էր Յուլյա Տիմոշենկոյին բուժման նպատակով արտասահման ուղարկելու կամ էլ նրան քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն: Այդ օրինագծերը ներկայացրել էին ընդդիմադիր երեք խմբակցությունների առաջնորդները:

Ուկրաինայի խորհրդարանը նոյեմբերի 7-ին վերստին տապալել է Տիմոշենկոյի խնդրի լուծմանն առնչվող օրինագիծը: Նոյեմբերի 8-ին խորհրդարանը ստեղծել էր աշխատանքային խումբ, սակայն դրանում ընդգրկված պատգամավորները չկարողացան մշակել մեկ օրինագիծ, որը Տիմոշենկոյին հնարավորություն կտար բուժման նպատակով մեկնել արտերկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս