
Ռուսական կապիտալը կարող է ավելի կարևոր դեր խաղալ Թուրքիայի տնտեսությունում. Էրդողան

Ռուսական Российская газета թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական կապիտալը կարող է ավելի կարևոր դեր խաղալ Թուրքիայի տնտեսությունում: Էրդողանի խոսքերով՝ Մոսկվան ու Անկարան ունեն շփման բազմաթիվ եզրեր.
«Թուրքիան բազմաթիվ, լուրջ նախագծեր է իրագործում Սոչիում, ուր տեղի են ունենալու Օլիմպիական խաղերը: Վստահ եմ, որ 2014 թվականի Օլիմպիական խաղերի շնորհիվ Ռուսաստանը կմտնի պատմության մեջ, իսկ այնտեղ աշխատող մեր կապալառուները մասնակից կլինեն այդ պատմությանը:
Թուրքիայի կայունությունը թույլ է տալիս ընդլայնել միջազգային կապիտալին երկրի մատչելիությունը: 11 տարվա ընթացքում Թուրքիայում օտար կապիտալի ծավալը կազմել է 122 միլիարդ դոլար: Թուրքիայի տնտեսության լուրջ հաջողությունների պատճառներից մեկն այն է, որ երկրի կառավարությունը տնտեսությունը զանազանեց ժողովրդավարությունից:
Մեր իշխանության գալու ժամանակ Թուրքիայի արտահանման ծավալը կազմում էր 36 միլիարդ դոլար, մինչդեռ ներկայումս մենք այդ ցուցանիշը հասցրել ենք 155 միլիարդ դոլարի: Մեծ զարգացում է ապրել նաև Թուրքիայի բանկային ոլորտը:
2015 թվականին երկրում պլանավորած է երկու կարևորագույն նախագծի մեկնարկ, որոնցից մեկն առնչվում է Բոսֆորի վրայով երրորդ կամրջի կառուցմանը, իսկ երկրորդը՝ Բոսֆորի հատակով երկու թունելի կառուցմանը՝ նախատեսված ավտոտրանսպորտի երթևեկի համար»:
Հիշեցնենք, որ Էրդողանն այսօր երկօրյա այցով ժամանում է Սանկտ Պետերբուրգ, ուր և հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: