Մեծ Բրիտանիան 6 տարի առաջ ամերիկյան հատուկ ծառայություններին թույլատրել է հավաքել բրիտանացիների տվյալները
BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան 2007 թվականից ԱՄՆ Ազգային անվտանգության գորածակալությանը (NSA) թույլատրել է սեփական բազաներում պահել սովորական, որևէ իրավախախտում չկատարած բրիտանացիների բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները:
Այս մասին են վկայել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը: Մինչև 2007 թվականը, հետախուզական տվյալների փոխադարձ փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ԱՄՆ հատուկ ծառայությունները պարտավոր են եղել իրենց բազաներից վերացնել բրիտանացիների տվյալները, որոնք պատահաբար հայտնվել են նրանց տրամադրության տակ:
Փաստաթղթում ուղղումներ կատարելուց հետո NSA-ն հնարավորություն ստացավ պահպանել այդ տվյալները՝ պարզելու համար տարբեր մարդկանց միջև կապերի հաստատումը և վերլուծելու դրանք: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը՝ այն որակելով որպես «կեղծիք»: