
Ճապոնիան հուսով է հրաբխային կղզու առաջացման շնորհիվ ընդլայնել իր տարածքային ջրերը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը հուսով է իր տարածաքային ջրերն ընդլայնել Խաղաղ օվկիանոսում հրաբխային խոշոր կազմավորման առաջացման շնորհիվ, որն արդյունքում կարող է վերածվել լիարժեք կղզու: Այս մասին այսօր Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան:
Վերջինս ընդգծել է, որ եթե այդ կազմավորումը դառնա իրական կղզի, ապա դա կհանգեցնի իրենց տարածքային ջրերի մեծացմանը: Տոկիոյից մոտ 1000 կիլոմետր հեռավորության վրա ընկած Օգասավար կղզիների շրջանում ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքում երեկ ի հայտ է եկել նոր կղզյակ, որի տրամագիծը կազմում է 200 մետր, և որը ծովի մակարդակից բարձր է մոտ 20 մետրով:
Տոկիոն դեռ չի շտապում պաշտոնապես այն գրանցել որպես իր կղզի: Նախկինում հրաբխային այդպիսի կազմավորումները քանիցս առաջացել և անհետացել են: