Էրդողանը մեկնում է Ռուսաստան
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ Ռուսաստանում հանդիպելու է նոյեմբերի 21-22-ին: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Պուտինը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, ուր և ընդունելու է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստը: Դրա ժամանակ Պուտինն ու Էրդողանը կլսեն առանձին նախարարությունների ու գերատեսչությունների զեկույցները:
Հիմնական թեմաների թվում են լինելու առևտրա-տնտեսական և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը, այդ թվում նաև էներգետիկ ոլորտի ռազմավարական համատեղ նախագծերի (Աքքույուի ատոմակայան, «Հարավային հոսք» գազատար) իրագործումը Միջոցառման շրջանակներում տեղի է ունենալու Պուտինի և Էրդողանի առանձին հանդիպումը:
Էրդողանի այցը կայանում է Պուտինի հրավերով, Էրդողանն աշխատանքային այցով Ռուսաստանում կգտնվի նոյեմբերի 21-22-ին: