Սերգո Կարապետյանը պարգևատրել է Ռոզա Ծառուկյանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ` նոյեմբերի 19-ին, «Հայ ֆերմերների միության» նախագահ Ռոզա Ծառուկյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով:

Նախարարը շնորհավորել է տիկին Ծառուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ և բարձր է գնահատել նրա ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում. «Ցանկանում եմ, որ երկար տարիներ ապրեք Աստծո օրհնությամբ և հովանավորությամբ` ի փառս մեր ազգի և Ձեր ընտանիքի»,- շնորհավորական խոսքում նշել է նախարարը:

Այսօր` նոյեմբերի 20-ին, նախարարը Նոր Գեղի համայնքում էր: Այցելության նպատակը կրկին խորհրդանշական էր: Նոր Գեղի համայնքի մշակույթի տանը գյուղատնտեսության ոլորտի երախտավոր Ցոլակ Խաչատրյանին նվիրված հանդիսավոր հուշ-երեկոյին մասնակցում էին Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, համայնքի բնակիչները, Ցոլակ Խաչատրյանի մարտական ընկերները և այլ հյուրեր:

Նախարարը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում ունեցած մեծ ներդրումների և ծննդյան 90-ամյակի առթիվ Ցոլակ Խաչատրյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անվանի գյուղատնտեսին մաղթել է քաջառողջություն, տոկություն ու վաստակաշատ հանգիստ:

Տեսանյութեր

Լրահոս