
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունեցավ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսուհետ կղեկավարի ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, որն այդ պաշտոնում ընտրվեց այսօր Երևանում կայացած ՀԲՖ հաշվետու-ընտրական համաժողովում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Պաշտոնական վարկածի համաձայն, մինչ այդ ֆեդերացիան ղեկավարող Արման Մուրադյանը հրաժարական է տվել զբաղվածության պատճառով: Նշվեց, որ նա մեկնել է Մոսկվա և չի կարողացել ներկա լինել այս կարևոր միջոցառմանը: Հատկանշական է, որ Արթուր Գևորգյանը կազմակերպության ղեկավարի միակ թեկնածուն էր և ընտրվեց միաձայն:
Ֆեդերացիայի նոր նախագահը 90-ական թվականներին հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում: Բռնցքամարտով զբաղվել է 1987 թվականից: 1989-ին դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության հաղթող, իսկ արդեն 7 տարի անց 5-րդ տեղն է գրավել Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերում: Մասնակցել է նաև չորս տարի անց կայացած Սիդնեի օլիմպիադային: 1998-ին դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, «Սասնա ծռեր» ռազմականացված ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի որդին է:
Նորընտիր նախագահը նշել է, որ հավաքականի գլխավոր մարզչի և ֆեդերացիայի նոր կազմի հարցին կանդրադառնա երկու շաբաթից, իսկ մինչ այդ մտադիր է ծանոթանալ մարզերում բռնցքամարտի վիճակին: