ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատակիցների վերաբերյալ մի շարք լրատվամիջոցների հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 25.07.2013թ. N 857-Ն որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության:
Նույն որոշման 8-րդ կետի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ծանուցել ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունների աշխատողներին տեսչությունների միաձուլման արդյունքում հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից հնարավոր ազատումների մասին:
ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, հետևաբար աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն` հաստիքների կրճատումը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է, իսկ 5-րդ կետի համաձայն` նշված հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ: Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 17.06.2003թ. N 213-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն` կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի վարձատրությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Այս օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը, իսկ 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում սահմանված վարձատրությունը քաղաքացիական ծառայողը ստանում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից:
Մինչև քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ ուղարկվելը ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողները եղել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատողներ, հետևաբար նրանց վարձատրությունը պետք է կատարվեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կողմից:
ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 28-ին կատարվել է անձնական գործերի ընդունում-հանձնում: ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողները 2013 թվականի հոկտեմբերի 28-ին ազատվել են զբաղեցված պաշտոններից, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը հանձնարարվել է կատարել վերջնահաշվարկ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի 2013 թվականի նոյեմբերի 4-ի ՍՔ/05/12282-13 գրությամբ` ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների տեսչությունների քաղաքացիական ծառայող և պաշտոնից ազատված աշխատակիցներն ուղարկվել են քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ: Ռեզերվ ուղարկված կանանց կողմից հղիությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացվել, ինչպես նաև նրանցից և ոչ մեկ չի գտնվել հղիության և ծննդաբերության արձակուրդում:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատողների նշանակումը (ընդունումը) կատարվել է բացառապես օրենքի շրջանակներում` հաշվի առնելով պաշտոնի անձնագրերում սահմանված պահանջները, այն է` կրթություն, դասային աստիճան (քաղաքացիական ծառայողների դեպքում), աշխատանքային ստաժ, մասնագիտական պատրաստվածություն, որակավորում և այլն: Քաղաքացիական ծառայության պաշտոնները օրենքով սահմանված կարգով համալրելուց հետո նախքան ռեզերվ ուղարկելն աշխատակիցներին առաջարկվել է համապատասխան աշխատանք, որից նրանք հրաժարվել են և անձնական դիմումի համաձայն ուղարկվել ռեզերվ:
ՀՀ առողջապահության նախարարություն