Կինքնահրկիզվի՞ արդյոք ՀՀ կառավարությունը

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նոյեմբերի 5-ին «Համատարած և համակարգված կոռուպցիա» բովանդակությամբ հարցապնդում է ուղարկել ՀՀ կառավարությանը: Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով՝ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն գրավոր հարցապնդմամբ դիմել կառավարությանը, իսկ գործադիր մարմինը 20 օրվա ընթացքում պետք է պատասխանի, այնուհետև քննարկում անցկացնի լիագումար նիստում:

Ուստի սպասվում է, որ դեկտեմբերի 3-ին ՀԱԿ վերոնշյալ հարցապնդումը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Այսօրվա ասուլիսում Լևոն Զուրաբյանը մի քանի կետով ներկայացրեց ՀԱԿ խմբակցության հարցապնդման բովանդակությունը՝ նշելով. «Մենք ցույց ենք տալիս, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային է, կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձիք են: Մենք հետագայում անուններին էլ կանդրադառնանք, բայց նշեմ, որ փորձել ենք հավաքել այն ակնհայտ փաստերը, որոնք այդպես էլ երբեք պատասխան չստացան իշխանությունների կողմից: Մենք հիմա կառավարությանը հնարավորոթյուն ենք տվել պատասխանելու այդ կոռուպցիոն փաստերին և իրենք հիմա պարտավոր են պատասխանել»:

Նա ավելացրեց, թե իրենց հարցադրումնեըը ցույց են տալիս, որ պետական բյուջեի թալանը կատարվում է «մինչև փողը բյուջե հավաքելը, ոչ թե հավաքելուց հետո»:

Հիշեցնելով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի երեկվա հայտարարությունը, թե պետական բյուջեում բացակայում է եկամուտների մասին տեղեկատվությունը, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Դա բնական է: Կառավարությունը եկամուտների մասին ոչինչ չի կարող խոսել, որովհետև հիմնական թալանը հենց մինչև բյուջե փողերի հավաքումն է: Թալանը կազմում է 1,8 մլդ դոլար: Սա ահավոր մի գումար է, որը եթե չթալանվեր, Հայաստանը կարող էր դառնալ ծաղկող երկիր»:

Կարդացեք նաև

Լևոն Զուրաբյանը նաև նշեց, թե ՀԱԿ-ը շարունակում է հետևել վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի օֆշորային սկանդալին՝ նկատելով, որ նրա անձնական օգուտն այդ գործարքից կազմել է 1 մլն 667.000 դոլար. «Հայաստանը շարունակում է ապրել խայտառակ, կեղտոտ բիծ ունենալով պաշտոնիաների վրա»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ կառավարության կողմից «անհասկանալի, ապօրինի հովանավորության» արդյունքում «Արմավիա» ընկերությունը չի մուծել բյուջե մոտ 7 մլդ 35 մլն դրամ:

«Եվ կառավարության անհետևողականությունը, հանդուրժողականությունն այս հարցում այլ կերպ, քան կոռուպցիոն մոտիվներով պայմանավորված՝ չի կարող լինել»,- ասաց նա:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝  կոռուպցիոն մեծ ռիսկեր կան նաև պետական գնումների ոլորտում, անհամապատասխանություններ կան բարձաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում. «Խոսքը Տիգրան Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, Սուրիկ Խաչատրյանի, Աղվան Հովսեփյանի մասին է: Իրենց հայտարարագրերում ակնհայտ ոչնչով չբացատրվող անհամապատասխանություն կա հայտարարագրված հարստությունների ու եկամուտների միջև, որովհետև այդ մարդիկ ստացել են պետական աշխատավարձ և այդ գումարներով անհնար էր կուտակել այդ հարստությունը, որը կա հայտարարագրում»:

168.am-ի հարցին, թե ի՞նչ պատասխան եք ակնկալում Կառավարությունից, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Այո, մենք ոնց որ դահիճին հարցնենք՝ արդյոք ինքը մարդասիրական նոպաներ չի՞ ունենում կամ խղճահարություն չունի՞, որ այդքան մարդ է սպանել: Բայց այլ ելք չկա, այլ հնարավորություն չունենք: Մենք հասկանում ենք, որ այն մարդկանց, ում մեր հարցերն ուղղում ենք, կոռուպցիայի գլխավոր հեղինակներն են: Բայց այստեղ մեզ հետաքրքրում է նաև այն, թե ինչպես են հասարակությանն այս ամեն ինչը ներկայացնելու: Մեզ համար կարևոր էր այս բոլոր փաստերը զետեղել մի տեղ, ներկայացնել հասարակությանը և պահանջել պատասխան: Հիմա թող գան և պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար:

Եվ մենք բացարձակ ակնկալիք չունենք, որ մեկ ակնթարթում կդառնան ազնիվ մարդ, ինքնախարազանմամբ կզբաղվեն, զանգվածային հրաժարականներ կներկայացնեն… Բայց մենք, այո, թեժացնում ենք իրավիճակը: Մենք միամիտ մարդիկ չենք, հասկանում ենք՝ ում հետ գործ ունենք, բայց փորձում ենք դիմել կառավարությանը՝ որպես մի մարմին, որը պաշտոնապես կոչված է ապահովելու հանրային շահը, պայքարելու կոռուպցիոն երևույթների դեմ: Եվ մենք հարց ենք տալիս՝ ի՞նչ է անում կառավարությունն այս բուրգային համատարած կոռուպցիան Հայաստանում արմատախիլ անելու ուղղությամբ»:

Իսկ հարցին, թե ի՞նչ քայլ պետք է անի կառավարությունը, որ բավարարի ՀԱԿ-ին, նա պատասխանեց. «Ինքնահրկիզվի»:

Տեսանյութեր

Լրահոս