Հին հացով են յոլա գնում
tesankyun.am-ի փոխանցմամբ` Տավուշի մարզի բնակավայրերում պահանջարկ ունի նախորդ օրը թխված, բայց չվաճառված հացը: Այն հաջորդ օրը վաճառվում է ավելի էժան եւ մատչելի է սոցիալապես անապահով ընտանիքներին:
Իջեւան քաղաքի հացի արտադրամասերում, որտեղ եւ կատարվում է հացի վաճառքը, կայքին հայտնել են, որ տասնյակ մարդիկ կան, ովքեր փող չունեն թարմ հաց գնելու: Իջեւանում հին հացը վաճառվում է 150 կամ 100 դրամով: Բնակիչներ կան, ովքեր հնարավորություն չունեն նույն տեսակի թարմ հացը 200 դրամով գնելու: Հացի արտադրամասերում լավ գիտեն հին հաց գնողների սոցիալապես անապահով վիճակը: Իջեւան քաղաքի բնակիչներից մեկը, որ 10 հատ հին հաց գնեց, բավական լավ էր հագնված: Հացի արտադրամասի վաճառողուհուն հարցին, թե լավ հագնված երիտասարդը ինչո՞ւ է գնում հին հաց: Վաճառողուհին ասաց, որ այդ գնորդը, ի տարբերություն աղքատների, ոչ թե իր, այլ իր կովերի համար է գնում հին հացը: Սոցիալական վատ վիճակի պատճառով հին հաց գնողներ կան նաեւ Նոյեմբերյան քաղաքում: Փաստորեն ապահով հռչակված Հայաստանում մարդիկ չեն կարողանում անգամ հանապազօրյա հաց գնել: