
ԱԳՆ խոսնակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրության վերաբերյալ. «Ինչ-որ գրված է, դա էլ նշանակում է»

Վիեննայում այսօր տեղի ունեցած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն էին տարածել: Համաձայն այդ հաղորդագրության՝ նախագահները համաձայնել են թափ հաղորդել ԼՂՀ հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով:
Սերժ Սարգսյանն ոև Իհամ Ալիևը նաև պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:
168.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում «թափ հաղորդել ԼՂՀ հետագա բանակցություններին»: Ի պատասխան Տ. Բալայանն ասաց. «Ինչ-որ գրված է, դա էլ նշանակում է՝ որոշել են թափ հաղորդել՝ ինտենսիֆիկացնել»:
Մեր հարցին, թե ստացվում է, որ նախագահները ընդունել են, որ բանակցությունները սառեցվա՞ծ են եղել, Տիգրան Բալայանն այսպես արձագանքեց. «Չեմ կարող նման բան ասել: Հատկապես ինչ-որ վերաբերում է նախագահին… բանակցությունները, ինչպես տեղյակ եք՝ շարունակվել են, համանախագահները եկել, գնացել են տասնյակ անգամ տարածաշրջան, այնպես որ… »:
Ինչ վերաբերում է հաղորդագրության մեջ ընդգծված՝ նախագահները պայմանավորվել են «կրկին» հանդիպել արտահայտությանը, ապա Տիգրան Բալայանի խոսքով, հանդիպման ժամկետների մասին հավելյալ տեղեկություն կտրվի:
Մեր հարցին, թե ինչո՞ւ են որոշել կրկին հանդիպել, նա պատասխանեց. «Եթե հարցը լուծված չէ, կարգավորված չէ, ուրեմն պետք է հանդիպումները շարունակվեն»: