Ուկրաինայի քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ Սովասպանդն ունի արհեստածին բնույթ. հարցախույզ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Դեմոկրատական նախաձեռնություն» հիմնադրամը հարցախույզ է անցկացրել Ուկրաինայում՝ կապված 1932-1933 թվականներին իրականացված Սովասպանդի հետ:
Հարցման արդյունքները վկայել են, որ Ուկրաինայի քաղաքացիների մեծ մասը (64 տոկոս) վստահ է, որ 1932-1933 թվականների Սովասպանդը եղել է արհեստածին և հանդիսացել է Ստալինի գլխավորած իշխանությունների գործողությունների արդյունք: 23 տոկոսը կարծում է, որ Սովասպանդն առաջացել է բնական պատճառներով:
Ընդ որում, կարծիքները բաժանվում են Ուկրաինայի շրջաններում: Երկրի արևմուտքում հարցվածների 95 տոկոսը կարծում է, որ Սովասպանդը հանդիսացել է պլանավորած ակցիա, կենտրոնական հատվածում այդ ցուցանիշը կազմել է 72 տոկոս, հարավային հատվածում՝ 57 տոկոս, և արևելյան հատվածում՝ 36 տոկոս:
Հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ Սովասպանդի նպատակը հանդիսացել է ուկրաինական ազգի նպատակամղված ոչնչացումը, 26 տոկոսը համակարծիք չէ դրա հետ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան (խորհրդարան) 2006 թվականը Սովասպանդը ճանաչել է որպես ուկրաինացիների հանդեպ ցեղասպանության ակտ: Ուկրաինական կողմի տվյալներով՝ Սովասպանդի հետևանքով մահացել է մոտ 4 միլիոն մարդ: