Նախագահը ստիպված կլինի ցրել այս կառավարությունը
Որքան էլ այս նախագահը ուզենար պահպանել այս կառավարությունը, ստիպված է լինելու ցրել այն: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա մեկնաբանմամբ, նկատի ունենալով հաջորդ տարվա կենսաթոշակային փոփոխությունները, համախառն կուտակումը ՀՆԱ-ում լինում է 21-23%, այդ դեպքում հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է ՀՆԱ-ն դառնալ 5%:
«3-4 ամսից սա կերևա, որքան էլ փորձեն նկարել: 2014-ին կատարյալ ձախողում է սպասվում, որևէ ձևով կառավարությունը չի կարողացել ցուցադրել, թե ինչ ձևով է գեներացնելու 5% տնտեսական աճը: Խնայողություններն իջնում են, կուտակումներն իջնում են, կուտակումների սահմանային արտադրողականությունն իջնում է: Այս տարի կփորձեն աճը 4% ձգել, որովհետև Տիգրան Սարգսյանի համար լինել-չլինելու հարց է: Տնտեսական աճը կլինի իրականում 2-2.5%, բայց եթե 4% էլ նկարեն (անցած տարի էլ 3.8%-ի փոխարեն 7.2% նկարեցին), կստացվի՝ 4.9% փուչիկ ունեն, որ կփորձեն հանել մյուս տարի: Վիճակագրական ամբողջ միֆը փլվեց, թե կոնկրետ որտեղ ոնց են խաբում: Եվ նույն ՀՀԿ-ից մոտենում ու ասում են՝ շատ էլ ճիշտ եք ասում»,- ասաց պատգամավորը:
Հ.Բագրատյանը շեշտեց, որ Ազգային ժողովը հաստատում է միայն բյուջեի ծախսերը, իսկ եկամուտները՝ ոչ: Նրա խոսքով՝ «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը և դրա հավելվածները 989 էջ է, որոնցից 6 տող է միայն եկամուտներին վերաբերվում: Այսինքն, ըստ նրա, օրենքով բյուջեի եկամուտները չեն հաստատվում, իսկ դա նշանակում է, որ հարկայինը ստանում է մեկ թիվ՝ 1 տրիլիոն 184 մլրդ, և ոնց ուզում է, պետք է հավաքի. «Մինչդեռ Սահմանադրությամբ պետք է հարկայինին ցույց տրվի տնտեսական աճի ոլորտները, հարկերի տեսակները և ասվի, թե որտեղից ինչքան է հավաքելու: Եթե դա չկա, ՊԵԿ-ը հավաքում է այնտեղից, որտեղից կարող է՝ փոքր բիզնեսից: Բյուջեի 3800 էջում հնարավոր գնահատականներ կան հարկերի մասին, բայց ոչ հաստատումներ: Ես կարող եմ նորից ասել, որ ֆինանսների նախարարը միանշանակ ստում է»:
Հ.Բագրատյանը նկատեց, որ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը խոստացել էր լրջորեն անդրադառնալ և իրավիճակը փոխել, բայց անցած 1.5 տարին ապացուցեցին, որ զուր է այդտեղ աշխատանքը, քանի որ ԱԺ-ն միանում է կառավարությանը և ոչ մի տրամաբանական հարց հնարավոր չի լինում դնել:
Հ.Բագրատյանը «հանցագործություն և սահմանադրության խախտում» անվանեց այն, որ տեղական ինքնակառավարմանը բյուջե չի տրվում. «Ամբողջ տեղական ինքնակառավարման ծախսերը 110 մլրդ է, որից գույքահարկն ու հողի հարկը 25 մլրդ դրամ է, 80%-ը ստացվում է Երևանից: Սահմանադրությամբ ՏԻՄ-ին պետք է տալ իր հարկերը և պետք է եկամտահարկի ու շահութահարկի մի մասը ևս տալ: Ինչպե՞ս կարող է ՏԻՄ լինել առանց փողի, փողն է քաղաքական դեմոկրատիայի հիմքը»: