
Պենտագոնը պլանավորել է զբաղվել լիբիացի 8000 զինվորի ռազմական նախապատրաստությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պլանավորել է մարզել Լիբիայի կառավարական ուժերի զինվորներին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ռոբերտ Ֆերմանը.
«Մենք Լիբիայի կառավարության հետ աշխատում ենք տվյալ ծրագրի մշակման վրա: Պլանավորված է ուսուցում տալ մինչև 8000 զինվորի: Ծրագիրը պետք է մեկնարկի 2014 թվականին: Խոսքը գնում է սկզբնական ռազմական պատրաստության մասին: ԱՄՆ-ը հուսով է, որ այդ ծրագիրը կօգնի Լիբիայի իշխանություններին անվտանգություն պահպանելու հարցում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լիբիացի զինվորների ռազմական նախապատրաստությունը կարող է իրականացվել Բուլղարիայում: