Ում հետ է խորհրդակցել Սերժ Սարգսյանը՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ
Պարզվում է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունը՝ Մաքսային միությանը անդամագրվելու մտադրության մասին, կայացրել է հայ քաղաքական գործիչների, մասնավորապես` Արտաշես Գեղամյանի խորհրդով: Երևանում երեկ տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հետ համատեղ նիստում այս մասին հայտարարեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Խոսելով Մաքսային միության առավելությունների և Մաքսային միութան անդամակցությանը դեմ հնչող տեսակետների մասին՝ Լեոնիդ Սլուցկին ասաց, թե Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում է կայացրել, ապա հայտնեց, որ ՀՀ նախագահը Մաքսային միութանն անդամագրվելու որոշումը կայացրել է քննարկելով դրանք քաղաքական գործիչների, տասյնակ առաջադեմ հետազոտողների և անգամ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Փորձելով մտաբերել այդ անձանց անունները՝ Լեոնիդ Սլուցկին հիշեց միայն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի անունը:
«Ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցել է տասնյակ առաջադեմ հայ հետազոտողների հետ, Արտաշես Գեղամյանի, այլ մարդկանց և անգամ ընդդիմության հետ»,- նշեց նա:
168.am-ը Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս ինքը Մաքսային միութանն անդամագրվելու որոշումից առաջ խորհուրդ է տվել Սերժ Սարգսյանին նման որոշում կայացնել: Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե անձամբ նախագահի հետ չի հանդիպել, անձամբ իրեն խորհուրդ չի տվել անդամացել Մաքսային միությանը և Լ. Սլուցկին հավանաբար նկատի է ունեցել թեմայի առնչությամբ իր հեղինակած գրքերը, որոնց շնորհանդեսին մասնակցել է Սերժ Սարգսյանը:
«Ես Սերժ Ազատովիչին իմ կողմից հեղինակած գրքերը տվել եմ և նա ծանոթացել է դրանց: Իսկ իմ գրքերի բովանդակության առանցքը հենց դա է: Հիմա եթե դա համարվում է, որ խորհրդակցե՞լ է ինձ հետ, ուրեմն՝ խորհրդակցել է: Կարծում եմ, որ Սերժ Ազատովիչի կողմից իմ գրքերում զետեղված նյութերն ընդունելի են եղել, եթե նա մասնակցել է երկու գրքերի շնորհանդեսին էլ»,- պարզաբանեց Գեղամյանը:
Մեր հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ Մաքսային միությանը միանալու որոշման նախահայրը Դուք եք` հաշվի առնելով Ձեր առաջին գրքի բովանդակությունը, պատգամավորն ասաց. «Չէ, չեք կարող ասել: Այդ մասին խոսվել է դեռ 19-րդ դարից: Առաջինը այդ գաղափարի մասին դեռ 1869 թ. խոսել է Ն. Դանիլևսկին, իսկ հետո 20-րդ դարի 20-ից 30-ական թվականներին իրենց աշխատություններում այս թեման արծարծել են Վեռնատսկին, Սլառովսկին, Իլյևն ու շատ այլ գիտնականներ: Ես երբեք չեմ կարող լինել մի բանի նախահայրը, որի մասին բոլորը հստակ գիտեն, ուրիշ բան, որ այդ գաղափարի ջատագովն եմ»: