«Ժառանգություն» խմբակցությունը դատապարտում է

Սույն թվականի նոյեմբերի 17-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից համատեղ  անցկացված նիստի ավարտին  ընդունվել է հայտարարություն:

Վիճահարույց հայտարարությանը դեմ են արտահայտվել և դեմ քվեարկել միայն երկու ընդդիմադիր քաղաքական գործիչներ` «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը և ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վերը նշված  հայտարարության այն դրույթի, համաձայն որի՝ կողմերը ողջունում  են Մաքսային միությանը Հայաստանի միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադրությունները մերժելի են:

Ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից նման հայտարարություններ ընդունելը ոչ միայն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը, անկախության ոգին և հայոց ամբողջականության ու միասնության գաղափարը, այլ նաև վկայում է ՀՀ ներկայացուցչական մարմնի` օտար շահերը հլու հնազանդ սպասարկելու պատրաստակամության մասին, և չի կարող ունենալ իրավազորություն, քանի որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, և ժողովուրդը նման լիազորություն չի տվել` հանդես գալու իր անունից:

Տարեսկզբին մի խումբ անձանց կողմից բռնակեղծիքներով Բաղրամյան 26-ում տեղակայված ու գործի դրված ծրագիրն իրականացնողները, որևէ իրավասություն չունենալով ներկայացնելու ՀՀ քաղաքացիներին, պատրաստակամություն են հայտնում մասնակցելու Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը առավել կոռումպացված և կատարելագործված օլիգարխիկ տնտեսական համակարգով բռնապետական ռեժիմների վերահսկողությանը հանձնելուն:

«Ժառանգություն» խմբակցությունը խստորեն դատապարտում է վերոնշյալ  հայտարարության ընդունումը, ՀՀ բոլոր ներկայացուցչական մարմինների կողմից այլ երկրների շահերը մեր ազգային ու պետական  շահերից վեր դասելը և կոչ է անում ընդդիմանալ ու խափանել Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված կործանարար հանձնառությունը:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

 

Տեսանյութեր

Լրահոս