
Ինչ կլինի կենսաթոշակների հետ, եթե Մաքսային միությունում գործի մեկ միասնական արժույթ

Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելուց, Եվրասիական միության ստեղծումից հետո, ըստ որոշ փորձագետների, այդ տարածքում կգործի մեկ միասնական արժույթ: Այդ դեպքում ՀՀ-ում կենսաթոշակային կուտակային համակարգով քաղաքացիներից հավաքագրված միջոցներին ի՞նչ ճակատագիր է սպասվում, ի՞նչ արտարժույթով են հաշվարկվելու, պարզ չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս հարցին ի պատասխան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը տարակուսեց, թե միասնական արժույթի մասին ենթադրությունը որտեղից է գալիս:
«Ես որևէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո գալիս է արժութային միությունը: Դա Ձեր էքստրապոլացիան է»,- հայտարարեց Գաբրիելյանը:
Իսկ թե ի՞նչ կլինի, եթե հաջորդ կառավարությունը որոշի, որ կենսաթոշակային այս բարեփոխումները «լավը» չեն և ետ գա ներկայիս համակարգին, ՀՀ քաղաքացիներն ումի՞ց պետք է ուզեն իրենց գումարները, Վ.Գաբրիելյանը պատասխանեց, թե ոչ մի կառավարություն չի կարող երաշխավորել իր հաջորդների համար. «Հիմա Դուք մեզանից ուզում եք երաշխավորություն, որ բոլոր հաջորդ կառավարություններն այս քաղաքականությունը չեն փոխի»: