
Չինաստանում կացիններով զինված ույղուրները հարձակվել են ոստիկանատան վրա

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արևմուտքում գտնվող Սինձյան նահանգում կացիններով զինված 9 մարդ հարձակում է գործել ոստիկանատան վրա: Հարձակում գործած բոլոր անձինք հանդիսանում են Չինաստանի ույղուրներ: Միջադեպը գրանցվել է Քաշգար քաղաքից ոչ հեռու:
Ոստիկաններին հաջողվել է սպանել նրանց բոլորին: Սպանվել է նաև երկու ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են: Սինձյանում բնակվում է 9 միլիոն մուսուլման ույղուր, սակայն նրանք այժմ դադարել են մեծամասնություն հանդիսանալ տեղում՝ կազմելով նահանգի բնակչության 45 տոկոսը: Դա պայմանավորված է տվյալ տարածաշրջան էթնիկ չինացիների ներհոսքով:
Չինաստանի իշխանությունները սովորաբար բռնությունների (ահաբեկչությունների ու զինված հարձակումների) ժամանակ մեղադրում են ույղուր ծայրահեղականներին, որոնք փորձում են հասնել տարածաշրջանի ինքնավարությանը: Այս տարի Սինձյանում երեք անգամ գրանցվել են անկարգություններ՝ ապրիլին, հունիսին ու օգոստոսին: