
Բաչո Ախալայայի նկատմամբ այսօր սկսվում է դատական նոր գործընթաց

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ այսօր սկսվում է դատական նոր գործընթաց՝ կապված 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության հետ: Ախալայան չի ընդունում տվյալ հարցում իր դեմ ներկայացված մեղադրանքը: Խոսքը գնում է լիազորությունների չարաշահման մասին:
Սա Ախալայայի դեմ անցկացվող արդեն չորրորդ գործընթացն է: Ախալայան արդարացվել է երկու գործով, իսկ երրորդ դեպքում նրան դատապարտել են 3 տարի և 9 ամիս ազատազրկման, սակայն նախագահի պաշտոնից հեռացող Միխեիլ Սաակաշվիլին (արդեն իսկ նախկին նախագահ) ներում է շնորհել նրան:
Ներկա դրությամբ՝ Բաչո Ախալայան դեռևս գտնվում է բանտում, քանի որ ներկայիս գործընթացի շրջանակներում որոշվել է նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: