
Թուրքիան մաքսային նոր անցակետ է կառուցում Վրաստանի հետ սահմանին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիան Վրաստանի հետ սահմանին՝ Ջավախքի շրջանում, սկսել է Չըլդըր/Աքթաշ նոր մաքսային անցակետի կառուցումը: Այդ արարողությանը ներկա վրացական պատվիրակությունը գլխավորել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, իսկ թուրքական պատվիրակությունը՝ առևտրի ու մաքսային հարցերով նախարար Հայաթի Յազըջըն:
Վրաստանի ֆինանսների նախարարությունն այսօր հայտնել է, որ Վրաստանի ու Թուրքիայի միջև համագործակցության առաջնահերթ ոլորտներ են հանդիսանում երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների ակտիվացումը, մաքսային անցակետերի արդյունավետ կառավարումը, տրանսպորտային ու զբոսաշրջային ներհոսքերի մեծացումը:
Սահմանային նոր անցակետի կառուցումը իր մեծ ներդրումը կունենա Վրաստանի ու Թուրքիայի միջև միջազգային հաղորդակցությունում, ինչը դրականորեն կազդի տարածաշրջանի տնտեսական ու առևտրային հարաբերությունների զարգացման վրա: 2014 թվականի օգոստոսին թուրքական կողմից Չըլդըր/Աքթաշ մաքսային անցակետի շահագործման հանձնման հետ միաժամանակ Վրաստանը կավարտի «Կարծախ» անցակետի վերակառուցումը, ինչ նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի տնտեսական զարգացման համար: