Թաթարստանում ավիավթարի զոհերի հիշատակին սգո օր է հայտարարվել (տեսանյութ)
Թաթարստանում նոյեմբերի 18-ը հայտարարվել է երեկ երեկոյան ավիավթարի զոհ դարձածների հիշատակի սգո օր: Ողբերգությունը խլել է 50 մարդու կյանք:
Հանրապետության գյուղերում ու քաղաքներում իջեցվել են պետական դրոշները, չեղյալ են հայտարարվել զվարճալի միջոցառումներն ու հաղորդումները: Ուղղափառ եկեղեցիներում, մենաստաններում, մահմեդական մզկիթներում կանցկացվեն սգո պատարագներ:
Թաթարստանի նախարարների կաբինետին հանձնարարվել է ավիավթարի զոհերի ընտանիքներին օգնություն ցուցաբերելու առաջարկներ պատրաստել: Բոլոր ընտանիքներին, զոհվածների հարազատներին հանրապետության պահուստային ֆոնդից 1 միլիոն ռուբլի կվճարվի:
«СОГАЗ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ընտանիքներին յուրաքանչյուր զոհի համար կվճարվի 2 միլիոն 25 հազար ռուբլի:
Հիշեցնենք, որ 19:25-ին ՌԴ ԱԻՆ վարչություն ահազանգ է ստացվել, որ «Կազան» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ վթարի է ենթարկվել Boeing 737 չվերթն իրականացնող «Մոսկվա-Կազան» ինքնաթիռը:
Ինքնաթիռը 3 անգամ փորձել է վայրէջք կատարել: 3-րդ փորձը դարձել է ողբերգական: ՌԴ ԱԻՆ տվյալների համաձայն` ինքնաթիռը պայթել է: Դեպքի վայրում առաջացած հրդեհը օպերատիվ կերպով մարվել է: Ինքնաթիռում եղել են 44 ուղևորներ և ինքնաթիռի անձնակազմը (6 մարդ):
Boing-737 վթարի հետևանքով զոհվածների մեջ է եղել նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի որդին` Իրեկը: Երիտասարդը թռչելիս է եղել ոմն Ալեքսանդր Անտոնովի հետ:
Ռուսաստանի հետաքննչական հանձնաժողովն արդեն քրեական գործ է հարուցել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող Մոսկվա-Կազան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի առթիվ:
Նախնական տեղեկությունների համաձայն` վթարի պատճառը կարող էր դառնալ անձնակազմի սխալը, հաղորդել է իրավապահ մարմիններում РИА Новости-ի աղբյուրը: Վթարի հնարավոր պատճառների թվում դիտարկվում են նաև եղանակային պայմանները և ինքնաթիռի անսարքությունը: Սակայն Ռոսհիդրոմետից հաղորդել են, որ եղանակային պայմանները թռիչքի համար եղել են թույլատրելի: