Դամասկոսի արվարձանում պայթյունի հետևանքով զոհվել է 4 գեներալ. մամուլ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսի Հարաստա արվարձանում երեկ գրանցվել է ուժգին պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 զինծառայող, այդ թվում նաև 4 գեներալ: Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված Մարդու իրավունքների պահպանման սիրիական մոնիթորինգային կենտրոնը (OSDH):
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Սիրիական ազատ բանակի կազմում գտնվող «Դիրա ալ-Ասիմա» խմբավորումը: Վերջինիս զինյալները պայթուցիկ են տեղադրել մայրաքաղաքի հյուսիսային արվարձանում տեղակայված սիրիական զորքերի թիկունքային վարչության շենքի տակ:
Պայթյունն իրականացվել է այն բանից մեկ օր անց, ինչ սիրիական հրամանատարությունը Հարաստան հայտարարել է անվտանգ շրջան: Երեկ հոսանքազրկվել են Դամասկոսի հարավային թաղամասերը, ինչի պատճառը զինյալների խափանարար գործողություններն են: Կեսգիշերից հետո աստիճանաբար վերականգնվել է էլեկտրաէներգաիայի մատակարարումը:
Վերջին օրերին հրետակոծվել են Դամասկոսի միանգամից մի շարք կենտրոնական ու արևելյան թաղամասեր: Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դրա հետևանքով զոհվել է 8 և վիրավորվել է 47 մարդ: