Օլանդը 4 նախապայման է ներկայացրել Իրանին՝ միջանկյալ համաձայնագրի ստորագրման համար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Հանդիպման արդյունքներով կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջանկյալ համաձայնագիր ստորագրելու օգտին, սակայն դրա համար կա 4 նախապայման.

«Առաջին պահանջն Իրանի ունեցած բոլոր միջուկային օբյեկտներն անհապաղ միջազգային վերահսկողության տակ դնելն է: Երկրորդ պայմանը մինչև 20 տոկոս ուրանի հարստացման դադարեցումն է:

Երրորդ պահանջն առնչվում է նրա ունեցած պաշարների կրճատմանը, իսկ չորրորդ պահանջը՝ Արակում միջուկային կենտրոնի կառուցման կասեցմանը: Ահա սրանք են այն պայմանները, որոնց մենք անհրաժեշտ ենք համարում համաձայնագիր ստորագրելու համար»:

Օլանդն ընդգծել է, որ բանակցելը մշտապես ավելի նախընտրելի է ուժ կիրառելուց. «Իրանը շատ երկար է մասնակցում բանակցություններին՝ առանց առաջընթաց գրանցելու, և պետք է վերջ դնել դրան: Նպատակն այն է, որ Իրանը հավերժ հրաժարվի միջուկային զենքից»:

Տեսանյութեր

Լրահոս