Փաստաբան. «Նիվա»-ն հարվածից հետո 180 աստիճանով թեքվել է դեպի Եղվարդի կողմը
Վարդան Պետրոսյանի «BMW» մակնիշի ավտոմեքենայի հետ բախման արդյունքում «Նիվա» մակնիշի ավտոմքենան 180 աստիճանով պտտվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վթարի արդյունքում տուժողների ներկայացուցիչ Մարատ Գինոսյանը:
Մեր հարցին՝ արդյոք այդ տեղեկությունները նշվա՞ծ են փորձաքննության եզրակացության մեջ, թե՞ իր վստահորդներն են իրեն պատմել այդ մասին, Մարատ Գինոսյանը պատասխանեց. «Դա և փորձաքննության մեջ է նշված, և իրականում այդպես է եղել: Այսինքն՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան առաջնային մասով դեպի Երևան է եղել, հետո հարվածից անմիջապես հետո 180 աստիճանով թեքվել է դեպի Եղվարդի կողմը, հարվածի հետևանքով»:
Մարատ Գինոսյանի խոսքով՝ հաշվի առնելով ավտոմեքենայի 180 աստիճանով պտտվելու հանգամանքը, ինչպես նաև ավտոմեքենաների վնասվածքները, ետևի նստատեղերին նստած անձնանց վնասվածքներն ու երկու երիտասարդների մահվան հանգամանքը, ինքը նշում է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան արագ է ընթացել:
Քրեական գործով մեղադրյալ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ավտոմեքենայի՝ 180 աստիճանով պտտվելու հանգամանքին, ասաց. «Չգիտեմ՝ համապատասխանո՞ւմ է 180 աստիճանի պտտվելը, թե՞ ոչ, բայց լուսանկրաները կան, կարող եք նայել, shamshyan.com-ում տեղադրված է, «Նիվա» մակնիշի ավտոմեքենան 180 աստիճան պտտված վիճակում է: Չգիտեմ՝ ճի՞շտ է ասում, թե՞ ոչ, իրականությանն այդպես համապատասխանո՞ւմ է, թե՞… Տպավորությունն այդպես է մեքենայի, երևում է»:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանն այժմ գտնվում է «Դատապարտյաների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հովածի 3-րդ մասով: Դատարանի որոշմամբ Վարդան Պետրոսյանը կալանավորվել է: