
Ֆրանսիայի հարավում ձերբակալվել է անօթևան մարդակերը

Ֆրանսիայում ձերբակալվել է 26-ամյա անօթևան մի տղամարդ, որը սպանել էր երկրի հարավային շրջանի գյուղերից մեկի 90-ամյա բնակչին և կերել նրա լեզուն ու սիրտը։ Այս մասին գրում է ֆրանսիական The Local պարբերականը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Այս պահին կասկածյալը կալանավորված է։ Սպանությունը կատարվել է նոյեմբերի 14-ի երեկոյան՝ Նույանում։ Հանցագործը մտել է զոհի տուն և հարվածել նրա գլխին խորդանոցից վերցրած մետաղյա ձողով։ Սպանելուց հետո՝ նա սառնասրտորեն պոկել է մահացածի լեզուն և սիրտը, եփել է և կերել։ Այնուհետև վառել է դիակը՝ հրդեհելով ամբողջ տունը։ Հրդեհը նկատել է զոհի որդին, որն ապրում է հարևանությամբ, և անմիջապես հրշեջներին է զանգահարել։ Սակայն ամեն ինչ այդքանով չի ավարտվել։ Ըստ ամենայնի՝ հանցագործը նոր զոհեր է փնտրել։ Նա հարձակվել է գյուղի մեկ այլ բնակչի վրա և այնպես է հրել նրան, որ նա կոտրվածքներ է ստացել՝ բախվելով տրակտորին։ Այնուհետև մտել է ևս մեկ տուն, որտեղից նրան վռնդել են։ Ըստ ականատեսների՝ մարդասպանը ոչ այնքան մեծ Թարբ քաղաքի բնակիչ է։ Նա ասել է, որ ինչ-որ ձայներ է լսում։ Մարդկանց, որոնց վրա հարձակվել է, նախկինում չի ճանաչել և դա, իբր, կատարել է այդ ձայների թելադրանքով։ Նախկինում դատված չի եղել և հաշվառված չի հոգեբուժական կլինիկայում։