Զարուհի Փոստանջյան. Սա ուղղակի նշանակում է` մեր ժողովրդին որբի կարգավիճակ տրամադրել (տեսանյութ)

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.

«2014 թվականի բյուջեն արտագաղթի և աղքատության բյուջե է, իսկ որոշ մարդկանց համար` խրախճանքի անսպառ հնարավորություն: Թե հատկապես ո՞ւմ  համար է բյուջեն խրախճանքի, կարծում եմ գիտենք բոլորս` խոսքը շուրջ հազար պաշտոնյաների մասին է, ովքեր շարունակում են իրենց խրախճանքը` այս անգամ ավելի անամոթաբար` կտրուկ բարձրացնելով իրենց աշխատավարձերը:

Փաստորեն, Հայաստանը որպես խաղատուն օգտագործողները 2014 թվականին նախատեսում են հայ ժողովրդին պատկանող կարողությունները նորից որպես խաղադրույք դնել` իրենց խաղամոլությունը բավարարելու համար:

Մաքսային միությանը միանալու մտադրության մասին հայտարարությունը, փաստացի, մի նոր խաղադրույք է, որի իրագործման հետևանքով մեր տնտեսությանը հասցվելու են հսկայական վնասներ, որի պատճառն է, առաջին հերթին` մաքսային դրույքաչափերի բարձրացումը: Խաղամոլների նման ավանտյուրան վկայում է այն մասին, որ խաղացողները ոչ միայն չեն մտահոգվում պարտվելուց, այլ նաև չեն վախենում հայ ժողովրդին պատկանող կարողությունները փոշիացնելու հետևանքով արժանի պատիժը կրելուց:

Քանի դեռ մենք չենք հեռացնում խրախճանքի մեջ գտնվողներին, մեզ ներկայացված պարտադրանքը, մեր հեռացման` արտագաղթելու վերաբերյալ, շարունակվելու է, իսկ թոշակ և աշխատավարձ ստացողները մնալու են նվաստացուցիչ պայմաններում և աղքատության մեջ:

Թող թյուրըմբռնում չլինի` իբրև թոշակները և աշխատավարձերը բարձրանալու են: Թոշակների և աշխատավարձերի չնչին բարձրացումների հետ մեկտեղ արդեն արձանագրված գնաճին ևս ավելանալու է գնաճ, և դեռ ավելին` նոր հարկատեսակ է գործելու` պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին աշխատավարձից 5 տոկոս և ավելի գանձման միջոցով, որը վերաբերելու  է աշխատավարձ ստացող շուրջ 250 հազար անձի:

Մի խոսքով, աղքատների և աղետի մեջ գտնվող ժողովրդի համար, իհարկե, սա բյուջե չէ, սա ուղղակի նշանակում է` մեր ժողովրդին որբի կարգավիճակ տրամադրել, իսկ որոշ անձանց համար արտոնյալ պայման` խրախճանքը շարունակելու:

Այսքանից հետո օրինաչափ և բնական է, որ օրեցօր շատանում և ծավալվում են բողոքի համատարած ցույցերը, որոնք անխուսափելի են դարձնում դեռ տարեսկզբից մեր ժողովրդի կողմից սկսած հեղափոխական շարժման հաղթական հանգուցալուծումը, ինչն ի ցույց է դնում, որ  Շանթ Հարությունյանի ու իր համախոհների փոխարեն բանտախցերում պետք է և կհայտնվեն երկիրն ու ժողովրդին արյունաքամ անողները»:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս