Թյուրքալեզու երկրները կստեղծեն ընդհանուր տերմինների բառարան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ստեղծվելու է թյուրքալեզու ժողովուրդների ընդհանուր տերմինաբանություն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից ստեղծված Տերմինաբանության հանձնաժողովի փոխնախագահ Սայալի Սադիգովը:

Վերջինիս խոսքերով՝ ընդհանուր տերմինաբությունը ստեղծվելու է տարբեր ոլորտների (տեխնիկա, ինֆորմատիկա և այլն) վերաբերյալ. «Արդեն իսկ աշխատանքներ են տարվում տեխնիկական գիտաբառերի ընդհանուր բառարանի մշակման ուղղությամբ:

2013 թվականին հրատարակվելու է այդ բառարանի առաջին մասը, իսկ 2014 թվականին՝ երկրորդ մասը: Ապա կսկսվի տեղեկատվական ոլորտի ընդհանուր տերմինաբանական բառարանի նախապատրաստությունը:

Ընդհանուր տերմինաբանության ստեղծումից հետո թյուրքալեզու երկրներում հոմանիշ տերմինների օգտագործման ժամանակ որպես հիմք կվերցվեն ընդհանուր տերմինները:

Այսօր թե՛ Ադրբեջանում, թե՛ թյուրքալեզու մյուս երկրներում նորաբանությունների 90 տոկոսը կազմում են տերմինները: Լեզվի զարգացման համար պետք է առաջին հերթին քննարկել տերմինաբանական հարցերը: Անհրաժեշտ է հստակեցնել լեզվի մեջ անցնող տերմինների յուրացման ուղին»:

Տեսանյութեր

Լրահոս